ԵՐԵՎԱՆ, 18 մայիսի – Sputnik. ԴԺՀ ղեկավար Դենիս Պուշիլինը հայտնել է, որ Ուկրաինայի զինյալների ամենաբարձր օղակի հրամանատարները շարունակում են մնալ Մարիուպոլի «Ազովստալ» գործարանում։
«Ներկա պահին ամենաբարձր օղակի հրամանատարներ չկան, նրանք դուրս չեն եկել։ Բայց դա՝ դեռ»,- Պուշիլինի խոսքն է մեջբերում Դոնեցկի լրատվական գործակալությունը։
Ինչպես նշում է ԴԺՀ-ի ղեկավարը, մարտերից հետո Մարիուպոլի բնակչությունն ավելի քան 200 հազար է, հստակ թիվն այժմ անհնար է որոշել։
Ավելի վաղ ՌԴ ՊՆ պաշտոնական ներկայացուցիչ, գեներալ-մայոր Իգոր Կոնաշենկովը հայտնել է, որ մայիսի 16-ից գերի է հանձնվել 959 զինյալ, այդ թվում՝ Մարիուպոլի «Ազովստալ» գործարանում արգելափակված «Ազով» ուկրաինական ազգայնական գումարտակի 80 վիրավոր։
2014 թվականին ԴԺՀ-ի հռչակման պահին Մարիուպոլը շուրջ 450 հազար բնակչով Դոնեցկից հետո հանրապետության երկրորդ քաղաքն էր, սակայն նույն թվականի հունիսին Ուկրաինայի ուժայինները վերադարձրին Մարիուպոլի նկատմամբ վերահսկողությունը։ Մարտի 7-ին` ՌԴ ռազմական հատուկ գործողությունների մեկնարկից 12 օր անց, «Վոստոկ» գումարտակի փոխհրամանատար Ալեքսանդր Սեմյոնովը հայտարարեց, որ քաղաքը շրջապատված է, սկսել են «մաքրել» առանձին շրջաններ։ Ապրիլի 16-ին ՌԴ ՊՆ պաշտոնական ներկայացուցիչ Իգոր Կոնաշենկովը հայտնեց, որ ուկրաինական բանակից, օտարերկրյա վարձկաններից և «Ազովի» գնդի (որի զինյալների դեմ ՌԴ-ում քրեական գործ է հարուցվել) նեոնացիստներից մաքրել են քաղաքի ողջ տարածքը։
Ուկրաինական խմբավորման մի մասը արգելափակված էր մնացել «Ազովստալ» գործարանում։
Հիշեցնենք` փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ հատուկ ռազմական գործողության մասին որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։
Ուկրաինայում մարտական գործողությունները շարունակվում են արդեն 84-րդ օրը։