Թուրքիան արգելափակել է ՆԱՏՕ-ին անդամակցելու Ֆինլանդիայի և Շվեդիայի հայտերը. ԶԼՄ

ՆԱՏՕ
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 18 մայիսի – Sputnik. Թուրքիան արգելափակել է Ֆինլանդիայի և Շվեդիայի` ՆԱՏՕ-ին անդամակցելու հայտերի քննարկումը։ Տեղեկությունը հայտնում է Financial Times-ը՝ վկայակոչելով իրազեկ աղբյուրին։
Ինչպես պնդում է պարբերականը, ՆԱՏՕ-ի դեսպաններն այսօր հանդիպել են հայտն անհապաղ դիտարկելու համար քննարկումներ սկսելու նպատակով, բայց Անկարայի ներկայացուցիչներն արգելափակել են նախաձեռնությունը:

«Այս արգելափակումից հետո կասկածի տակ է դրվում դաշինքի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգի ասածը, թե ՆԱՏՕ-ն առաջին փուլին հավանություն կտա մեկ-երկու շաբաթվա ընթացքում։ Դիվանագետները ստիպված կլինեն մի քանի օրվա ընթացքում ծանր բանակցություններ վարել»,- գրում է թերթը։

Նշենք, որ կանոնադրության համաձայն` հայտը պետք է վավերացնեն ՆԱՏՕ-ի բոլոր 30 գործող անդամները, սակայն գործընթացը կարող է սկսվել միայն այն դեպքում, եթե դաշինքը անդամակցության մասին արձանագրություն կազմի եւ պաշտոնապես հրավիրի Շվեդիային ու Ֆինլանդիային:
Ըստ լրատվամիջոցի` ՆԱՏՕ-ում հրաժարվել են մեկնաբանել իրադրությունը՝ հղում անելով Ստոլտենբերգի հայտարարություններին, թե պետք է հաշվի առնել բոլոր դաշնակիցների անվտանգության շահերն ու բոլոր հարցերը մշակելու վճռականությունը և շուտափույթ լուծման հասնել։
Ավելի վաղ Bloomberg-ը հայտնել էր, որ Շվեդիայի և Ֆինլանդիայի հայտերի վերաբերյալ դրական եզրակացության դիմաց Թուրքիան պնդում է, որ վերադառնա F-35-ի օդաչուների պատրաստման ծրագրին, իսկ ռուսական C-400-ի ձեռքբերման պատժամիջոցների սահմանափակումները չեղյալ հայտարարվեն:
Բացի այդ, Թուրքիայի կառավարությանը մոտ կանգնած աղբյուրների տվյալներով` Անկարան պահանջում է, որ Ստոկհոլմը և Հելսինկին հրապարակավ դատապարտեն քրդական կազմավորումներին և ահաբեկչական կազմակերպություն ճանաչեն Թուրքիայում արգելված Քրդստանի աշխատավորական կուսակցությունը: Անկարան ցանկանում է նաև, որ այդ երկրները չեղյալ հայտարարեն զենքի մատակարարման սահմանափակումները։
Հիշեցնենք` 2019 թվականին, երբ Թուրքիան ներխուժեց Սիրիա, Ֆինլանդիան ու Շվեդիան Թուրքիային զենք մատակարարելու էմբարգո սահմանեցին։
Էրդողանը Ֆինլանդիային և Շվեդիային ստիպում է հրապարակային նվաստացման գնալ