ԵՐԵՎԱՆ, 18 մայիսի – Sputnik. Անվտանգության ապահովման ուղիների ընտրությունը յուրաքանչյուր պետության ինքնիշխան իրավունքն է։ Սակայն անվտանգությունը չպետք է ապահովվի այլ երկրների անվտանգության հաշվին։
Այս մասին ճեպազրույցում հայտարարել Է Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան՝ պատասխանելով հարցին, թե ինչ դիրքորոշում ունի ՌԴ-ն ՆԱՏՕ-ին անդամակցելու վերաբերյալ Ֆինլանդիայի և Շվեդիայի հայտարարությունների հանդեպ։
«Մեր երկիրը պատասխան միջոցներ կձեռնարկի, որոնց բովանդակությունը, ներառյալ ռազմատեխնիկական բաղադրիչները, հիմնականում կորոշվեն՝ հաշվի առնելով Հյուսիսատլանտյան դաշինքին Ֆինլանդիայի և Շվեդիայի անդամակցության կոնկրետ պայմանները, այդ թվում՝ նրանց տարածքներում օտարերկրյա ռազմակայանների և սպառազինության հարվածային համակարգերի տեղակայումը»,- ասել Է Զախարովան:
Նրա խոսքով՝ որպես արձագանք ավելի քիչ խոսք և ավելի շատ փաստացի քայլեր կլինեն։
Ավելի վաղ հայտնի դարձավ, որ Շվեդիան ու Ֆինլանդիան ՆԱՏՕ-ին անդամակցելու պաշտոնական հայտ են ներկայացրել։ Երկու պետությունների հայտը պետք է քննարկի ՆԱՏՕ-ի խորհուրդը, որը բաղկացած է դաշինքի 30 պետությունների ներկայացուցիչներից: