ԵՐԵՎԱՆ, 18 մայիսի - Sputnik. ՌԴ-ն, որպես Օտտավայի գործողություններին պատասխան միջոց, փակում է կանադական CBC հեռուստառադիոհեռարձակման կորպորացիայի թղթակցային կետը։ Այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան:
«Մենք բազմիցս զգուշացրել ենք այդ մասին։ Մենք խոսել ենք այն մասին, որ միակողմանի սահմանափակող միջոցառումները, որոնք ոտնահարում են խոսքի ազատության սկզբունքները և խոչընդոտում ռուսական լրատվամիջոցների բնականոն աշխատանքին, անպատասխան չեն մնա։ Բոլորին պետք է պարզ լինի, որ մեր արձագանքն անխուսափելի է և վերաբերելու է յուրաքանչյուր նմանատիպ դեպքի»,- ասել է նա։
Զախարովան հավելել է, որ այդ կապակցությամբ որոշում է ընդունվել Կանադայի գործողությունների պատասխան միջոցներ սահմանելու մասին, այն է՝ Կանադայի պետական հեռուստառադիոհեռարձակման CBC կորպորացիայի մոսկովյան մասնաճյուղի փակումը՝ նրա լրագրողների հավատարմագրերի և ՌԴ վիզաների չեղարկումով:
Հիշեցնենք` փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ հատուկ ռազմական գործողության մասին որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։
Փետրվարի 21-ից ի վեր, երբ Վլադիմիր Պուտինը հայտարարեց ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն ճանաչելու որոշման մասին, ԱՄՆ-ն, Եվրամիությունն ու Արևմուտքի շատ երկրներ պատժամիջոցների շարք սկսեցին Ռուսաստանի դեմ։ Պատժամիջոցներն առնչվում են բանկային ոլորտին, ավիացիային, տնտեսության տարբեր ճյուղերին, կապի ոլորտին և անգամ մշակույթին ու սպորտին։
Ուկրաինայում մարտական գործողությունները շարունակվում են արդեն 84-րդ օրը։