ԵՐԵՎԱՆ, 18 մայիսի - Sputnik. Ռուսական կողմը, որպես պատասխան միջոց, կարտաքսի Իսպանիայի դիվանագիտական առաքելությունների 27 աշխատակիցների։ Նրանք պետք է 7 օրվա ընթացքում լքեն Ռուսաստանը: Այս մասին հայտարարել է Ռուսաստանի արտաքին քաղաքական գերատեսչությունը։
Ռուսաստանի ԱԳՆ են կանչել Մոսկվայում Իսպանիայի դեսպան Մարկոս Գոմես Մարտինեսին, նրան վճռական բողոք է հայտարարվել, քանի որ Մադրիդը Իսպանիայում գործող ռուսական կառույցների 27 աշխատակիցների հայտարարել է «persona non grata»։
«Որպես պատասխան միջոց` Մոսկվայում Իսպանիայի դեսպանատան և Սանկտ Պետերբուրգում Իսպանիայի գլխավոր հյուպատոսության 27 աշխատակիցներ հայտարարվել են «persona non grata»։ Նրանք պետք է լքեն երկրի տարածքը դեսպանին համապատասխան նոտա հանձնելու պահից 7 օրվա ընթացքում»,- նշել են ՌԴ ԱԳՆ-ում։
ՌԴ ԱԳՆ-ում հայտարարել են նաև ֆրանսիական դիվանագիտական առաքելությունների 34 աշխատակիցների և իտալացի 24 դիվանագետների արտաքսման մասին: