ԵՐԵՎԱՆ, 18 մայիսի – Sputnik․ Ցուցարարները կաթվածահար են արել Երևանի Իսահակյան փողոցի երթևեկությունը։ Մաշտոցի խաչմերուկին հարակից օրը փողոցը փակված է աղբամաններով, կոտրված ծառի բնով։
Ցուցարարները երթով անցան Իսահակյան փողոցով և կանգ առան Իսահակյան-Մաշտոց խաչմերուկում՝ նաև այստեղ արգելափակելով ավտոմեքենաների ճանապարհը։ Ապա շարունակեցին քայլել Իսահակյան փողոցի՝ Կասկադին հարող հատվածով։
Հայտնել ենք, որ «Դիմադրություն» շարժումն այսօր վաղ առավոտից սկսել է անհնազանդության ակցիանները` Երևանի տարբեր փողոցներում երթևեկությունը կաթվածահար անելով։
Նշենք, որ երեկ ուշ երեկոյան «Դիմադրություն» շարժման անդամ Իշխան Սաղաթելյանը Երևանի Ֆրանսիայի հրապարակում հայտարարեց, որ այսօր առավոտյան ժամը 8-ից ընդդիմության անհնազանդության խաղաղ ակցիանները վերսկսվելու են։
«Մենք պետք է հասնենք նրան, որ ո՛չ բաժիններում տեղ լինի, ո՛չ ոստիկանական ուժերը հերիքեն, ո՛չ էլ որևէ կերպ հնարավոր լինի կասեցնել»,- ասաց նա։
Հիշեցնենք` Հայաստանում բողոքի ալիք բարձրացավ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի` Արցախի վերաբերյալ հայտարարությունից հետո։
Ապրիլի 22-ին ԱԺ փոխխոսնակ, «Հայաստան» խմբակցության անդամ Իշխան Սաղաթելյանը հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանին և նրա թիմին իշխանությունից հեռացնելու փողոցային պայքարի մեկնարկի մասին։
Մայիսի 1-ին Երևանի Ֆրանսիայի հրապարակում մեկնարկեց ընդդիմության բազմահազարանոց հանրահավաքը։ Մասնակիցները վրաններ ու բարիկադներ տեղադրեցին, Իշխան Սաղաթելյանը հայտարարեց, որ մայիսի 2-ից սկսում են անհնազանդության ակցիաներ՝ փակելով փողոցները։
Մայիսի 2-ից սկսած` ամեն օր Երևանում կազմակերպվում են անհնազանդության ակցիաներ, երթեր ու հանրահավաքներ։