ԵՐԵՎԱՆ, 18 մայիսի – Sputnik․ «Դիմադրություն» շարժման կազմակերպած իրազեկման երթի մասնակիցները փակել են Մաշտոց–Ամիրյան խաչմերուկը։
Ժամը 12։00-ին Ֆրանսիայի հրապարակից երթի մասնակիցները, անցնելով Սարյան ու Ամիրյան փողոցները, հասան Մաշտոցի պողոտայի խաչմերուկ ու կանգ առան` արգելափակելով երթևեկությունը։
Ցուցարարներն այս պահին նստել են փողոցի երթևեկելի հատվածում` կաթվածահար անելով երթևեկությունը։ Ոստիկանությունը ներկա պահին որևէ գործողությունը չի ձեռնարկում, թեև բարձրախոսով պարբերաբար հայտարարում է. «Հարգելի՛ քաղաքացիներ, ձեր գործողություններն անօրինական են»։
Երթի մասնակիցների թվում են «Դիմադրություն» շարժման անդամներ, ԱԺ փոխնախագահ, «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանը, պատգամավոր Վահե Հակոբյանը, «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Արթուր Վանեցյանը, ՀՀ երկրորդ նախագահի որդի Լևոն Քոչարյանը։
Հայտնել ենք, որ «Դիմադրություն» շարժումն այսօր վաղ առավոտից սկսել է անհնազանդության ակցիանները` Երևանի տարբեր փողոցներում երթևեկությունը կաթվածահար անելով։
Մայիսի 2-ից սկսած` ամեն օր Երևանում կազմակերպվում են անհնազանդության ակցիաներ, երթեր ու հանրահավաքներ։ Մասնակիցները պահանջում են ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը։