ԵՐԵՎԱՆ, 18 մայիսի – Sputnik. ՀՀ ԱԺ ընդդիմադիր պատգամավորներից մի քանիսը, որոնք նաև «Դիմադրություն» շարժման անդամներ են, հանդիպել են Հայաստանի ոստիկանապետ Վահե Ղազարյանի հետ։ Շարժման անդամ, ՀՀ ԱԺ փոխխոսնակ Իշխան Սաղաթելյանը հանդիպումից հետո հայտնեց` ոստիկանապետն իրենց տեղեկացրել է, որ 1 ոստիկանի գործունեությունն արդեն կասեցվել է։
«Ներկա պահին 37 ոստիկանի նկատմամբ նշանակվել է ծառայողական քննություն, հարուցվել է մեկ տասնյակից ավելի քրեական գործ։ Այսօրվա դեպքերով տեղի է ունենում ուսումնասիրություն, ոստիկանությունն էլ շատ կարճ ժամկետում հանդես կգա կոնկրետ հայտարարությամբ և կոնկրետ դեպքերով»,- նշեց Սաղաթելյանը։
Նա նաև ընդգծեց, որ այն ավելի քան 80 մեքենաները, որոնք ավտոերթերի ժամանակ տարվել են հատուկ պահպանման տարածք և մինչ օրս չեն վերադարձվել սեփականատերերին, կվերադարձվեն։
Սաղաթելյանն ասաց, որ իրենք կոչ են արել, որպեսզի վերջ տրվի ոստիկանների ապօրինի գործողություններին։ Նա հույս հայտնեց, որ իրավապահ կառույցն ըմբռնումով կվերաբերվի ընդդիմադիրների կոչին։
Չարենց-Նալբանդյան խաչմերուկում ընդդիմադիրներն ու նրանց համակիրները սկսեցին վանկարկել. «Միություն, պայքար, հաղթանակ», «Առանց Նիկոլ Հայաստան»։
Նրանք շարունակեցին իրենց երթը դեպի Ֆրանսիայի հրապարակ, որտեղ կամփոփեն օրն ու կխոսեն վաղվա անելիքների մասին։
Մինչ հանդիպումը Սաղաթելյանը կրկին ներկայացրել էր իրենց պահանջները և շեշտել, որ քաղաքացիների և պատգամավորների նկատմամբ ապօրինի գործողություններ իրականացրած ոստիկանների գործունեությունը մինչև վաղը պետք է կասեցվի։ Նա ընդգծել էր նաև, որ այն ոստիկանները, որոնց նկարներն այսօր ցույց են տվել Ֆրանսիայի հրապարակում, պետք է քրեական պատասխանատվության ենթարկվեն։
Հիշեցնենք` Հայաստանում բողոքի ալիք բարձրացավ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի` Արցախի վերաբերյալ հայտարարությունից հետո։
Ապրիլի 22-ին ԱԺ փոխխոսնակ, «Հայաստան» խմբակցության անդամ Իշխան Սաղաթելյանը հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանին և նրա թիմին իշխանությունից հեռացնելու փողոցային պայքարի մեկնարկի մասին։
Մայիսի 1-ին Երևանի Ֆրանսիայի հրապարակում մեկնարկեց ընդդիմության բազմահազարանոց հանրահավաքը։ Մասնակիցները վրաններ ու բարիկադներ տեղադրեցին, Իշխան Սաղաթելյանը հայտարարեց, որ մայիսի 2-ից սկսում են անհնազանդության ակցիաներ՝ փակելով փողոցները։
Մայիսի 2-ից սկսած` ամեն օր Երևանում կազմակերպվում են անհնազանդության ակցիաներ, երթեր ու հանրահավաքներ։