ԵՐԵՎԱՆ, 18 մայիսի – Sputnik․ Ձերբակալվել է Արցախյան 44-օրյա պատերազմի հերոս Մխիթար Գալեյանի հայրը՝ Գարիկ Գալեյանը։ Տեղեկությունը ֆեյսբուքյան իր էջում հայտնել է ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Ղազինյանը։
Նա շեշտել է, որ վերջին ամիսներին Գարիկ Գալեյանն ակտիվ պայքար էր մղում իր որդու մահվան մեջ մեղավոր մարդկանց բացահայտելու և կալանավորելու համար:
«Նա իր որդու մահվան մեջ մեղադրում է անձամբ Նիկոլ Փաշինյանին: Սրանք ոչ մի բարոյական սահման չունեն, ոչ մի արժեք ու սկզբունք չունեն, ունակ են ցանկացած ստորության»,- գրել է Ղազինյանը։
Sputnik Արմենիայի հետ զրույցում Արթուր Ղազինյանը որոշ մանրամասներ է հայտնել։ Նա հիշեցրել է, որ ավելի վաղ քննչական կոմիտեի աշխատակիցները վիրավորել էին զոհված զինվորների ծնողներին, որոնք ակցիա էին անցկացնում ՔԿ-ի մոտ։
«Ծնողների շարքում էր նաև Գալեյանը, որը պատասխանել է կոպիտ պահվածքին։ Իրեն հիմա դա են մեղսագրում։ Գալեյանին վերագրում են նաև ոստիկաններին ցուցաբերած դիմադրություն», - ասաց Ղազինյանը։
Մասնագիտությամբ իրավաբան պատգամավորը խոստանում է անհրաժեշտ իրավական օգնություն ցուցաբերել զոհվածի հորը։