ԵՐԵՎԱՆ, 18 մայիսի – Sputnik, Նելլի Դանիելյան. Վառելիքի ու պարենի միջազգային գների սպասվող բարձրացումները Հայաստանում ևս հանգեցնելու են թանկացումների նոր հնարավոր ալիքի ու աղքատության ցուցանիշի ավելացման։ Sputnik Արմենիայի հետ հարցազրույցում նման եզրահանգում արեց ՀՀ ֆինանսների նախկին նախարար, հանրային ֆինանսների կառավարման միջազգային խորհրդատու Վարդան Արամյանը` վերլուծելով վառելիքի ու պարենի շուկաներում հնարավոր զարգացումները։
«Պարենի ու մասնավորապես հացազգիների շուկայում` ցորենի, գարու, եգիպտացորենի, Ռուսաստանն ու Ուկրաինան բավականին մեծ կշիռ ունեն։ Համաշխարհային պահանջարկի գրեթե 30%–ն ապահովում են այս երկու երկրները։ Էներգակիրների շուկայում` գազի և նավթի, Ռուսաստանը նույնպես մեծ դերակատարություն ունի։ 2022թ–ի փետրվարից` ռազմական գործողությունների մեկնարկից առ այսօր այս երկու շուկաներում գներն աճում են և ապագայում էլ առնվազն մնալու են բարձր կամ մեծ հավանականությամբ աճելու են, քանի դեռ մենք հակամարտության թուլացում չենք տեսնում»,– ասաց Արամյանը։
Սպասվող աշխարհաքաղաքական նոր զարգացումները, նրա դիտարկմամբ, առաջիկայում հանգեցնելու են վառելիքի ու պարենի նոր թանկացումների, որոնք էլ անխուսափելիորեն հասնելու են նաև մեր երկիր։
«Ինչպե՞ս է դա ազդելու մեր բնակչության վրա։ Բնականաբար` բացասաբար։ Սովորաբար ներմուծված գները մեկին մեկ տեղափոխվում են դեպի քո երկիր։ Առավել ևս, որ կան որոշակի ապրանքատեսակներ, որոնց պահանջարկը գներից էլաստիկ չեն, այսինքնք` այսպես թե այնպես պետք է գնես։ Օրինակ` հացը։ Այնպես չէ, որ մարդը տեսնի` հացի գինը բարձրանում է, փորձի իր սպառումը նվազեցնել։ Նույնը նաև վառելիքի շուկայում։ Ճիշտ է` մարդիկ փորձում են իրենց տրանսպորտային երթուղիներն այնպես դասավորել, որ համեմատաբար կրճատեն վառելիքի ծախսը։ Բայց միևնույնն է` անհրաժեշտ նվազագույն ծավալը գնում են` անկախ գնից», –ասաց նա։
Փոխարենը, ըստ Արամյանի, նման դեպքերում սպառողները ստիպված են լինում կրճատել այլ ապրանքների և ծառայությունների վրա կատարվող ծախսերը, որոնք հնարավոր է հետաձգել կամ որոնցից կարող են ընդհանրապես հրաժարվել այս պահին։ Օրինակ` ոչ պարենային տարբեր ապրանքների գնումները։
Սակայն այս պարագայում, եթե խոսքը վերաբերում է տեղական արտադրության ապրանքների սպառման կրճատմանը, ապա դա շղթայական ռեակցիայով կարող է հանգեցնել տեղական արտադրության ապրանքների նկատմամբ պահանջարկի անկման, արտադրական ծավալների կրճատման, հետևաբար նաև` տնտեսական աճի դանդաղեցման։
Բնակչության սոցիալական վիճակի վրա լրացուցիչ բացասական ազդեցություն է թողնում նաև արտագնա աշխատողների կողմից Հայաստան ուղարկվող տրանսֆերտների կրճատումը։ Եվ այս ոլորտում զարգացումներն ու կանխատեսումները նույնպես լավատեսական չեն։
Վարդան Արամյանն արձանագրում է, որ, ըստ կանխատեսումների, ՌԴ տնտեսության անկումն այս տարի կհասնի մինչև 10%–ի, ինչը բացասաբար կազդի նաև արտագնա աշխատողների վրա։ Եվ ոչ միայն այս, այլ նաև հաջորդ տարի։
«Թեև ոլորտի վերլուծաբանները սպասում են, որ 2023թ–ին որոշ բարելավում կլինի 2022-ի համեմատ, բայց այս կտրուկ անկումից հետո ՌԴ–ում տնտեսական վերականգնումը բավական թույլ կլինի, ընդ որում` մեկ վերապահումով, որ մինչ այդ ռազմական և քաղաքական հակասությունները առնվազն կմեղմվեն։ Սա նշանակում է, որ տրանսֆերտների արագ վերականգնում 2022-2023թթ–ին պետք չէ ակնկալել»,– ասաց Արամյանը։
Եվ քանի որ տրանսֆերտների հիմնական շահառուն Հայաստանում միջին ու ցածր խավն է, ստեղծված իրավիճակը, Արամյանի գնահատմամբ, ամենայն հավանականությամբ, հանգեցնելու է աղքատության ցուցանիշի ավելացման։
Ստեղծված ու դեռ կանխատեսվող բարդ իրավիճակում հնարավոր ելքը, ըստ նախկին ֆիննախարարի, կարող է լինել պետության ծախսերի վերանայումը։
«Յուրաքանչյուր ճյուղային նախարարություն պետք է նայի, թե իր ծախսերի մեջ ինչ կարող է խնայել, և որտեղ կան ծրագրեր, որոնք կարելի է այս պահին հետաձգել կամ մասամբ իրականացնել։ Իսկ ազատված միջոցները պետք է ուղղել երկու ուղղությամբ` սոցիալապես անապահովների պաշտպանություն և տնտեսական պոտենցիալին ու տնտեսվարողներին օժանդակություն»,– ասաց Արամյանը։
Մայիսի 15-ին ՀՀ ԿԲ նախագահի տեղակալ Հովհաննես Խաչատրյանը ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նիստում հայտնել էր, որ ռուս–ուկրաինական իրադարձությունների ընթացքում Ռուսաստանից նվազել են սեզոնային աշխատանքի մեկնողների դրամական փոխանցումները դեպի Հայաստան։
Նա նշել էր, որ ԿՎ–ն առաջիկայում պարենի ու վառելիքի գների բարձրացում է կանխատեսում` հիմնված համաշխարհային շուկաների ուսումնասիրությունների ու դիտարկումների վրա։