ԱՊՀ երկրների սահմանապահ ծառայության ղեկավարները քննարկել են սահմանների պաշտպանության հարցը

ԱՊՀ երկրների դրոշներ
Նիստի մասնակիցներն ամփոփել են սահմանային անվտանգության ապահովման համակարգի ձևավորման հարցում սահմանապահ զորքերի հրամանատարների խորհրդի գործունեությունը։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 18 մայիսի – Sputnik. ԱՊՀ երկրների սահմանապահ զորքերի հրամանատարները այսօր Թուրքեստանում (Ղազախստանի հարավ) հանդիպման ժամանակ Համագործակցության արտաքին սահմանների պաշտպանության հարցում համագործակցելու հարցեր են քննարկել։ Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին` հղում անելով Ղազախստանի ազգային անվտանգության կոմիտեի մամուլի ծառայությանը։
Ամփոփվել է նաև սահմանային անվտանգության ապահովման համակարգի ձևավորման և համատեղ հատուկ սահմանային գործողությունների անցկացման վերաբերյալ սահմանապահ զորքերի հրամանատարների խորհրդի գործունեությունը։

«Ուսումնասիրվել են սահմանապահ զորքերի հրամանատարների խորհրդի առաջիկա տարվա խնդիրներն ու տեղեկատվության փոխանակման կատարելագործման, գիտահետազոտական և կրթական ոլորտներում համագործակցության զարգացման մեխանիզմները»,- ասվում է հաղորդագրության մեջ։

Միջոցառմանը մասնակցել են Հայաստանի, Ադրբեջանի, Բելառուսի, Ղազախստանի, Ղրղզստանի, Ռուսաստանի, Տաջիկստանի, Թուրքմենստանի և Ուզբեկստանի սահմանապահ գերատեսչությունների պատվիրակությունները։
Սահմանապահ զորքերի հրամանատարների խորհրդի հաջորդ նիստը տեղի կունենա Տաջիկստանում 2022 թվականի երկրորդ կիսամյակում։