Ոստիկանները կոտրել են 77-ամյա կնոջ ձեռքը. Հայկ Մամիջանյանը լուսանկար է հրապարակել

«Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղարի խոսքով` ոստիկանները սկսել են քաշքշել մարդկանց, տապալել ասֆալտին։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 17 մայիսի – Sputnik. Ոստիկանության կողմից բիրտ ու անհամաչափ ուժի հետևանքով 77-ամյա Ջուլիետա Հովհաննիսյանն այժմ գտնվում է «Նաիրի» բժշկական կենտրոնում: Բժիշկներն ախտորոշել են ձախ բազկոսկրի կոտրվածք: Տեղեկությունը հայտնում է ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Հայկ Մամիջանյանը։
«Տիկին Ջուլիետան այսօր կանգնած էր իմ կողքին, Կիևյան-Օրբելի խաչմերուկի հետիոտնային անցման վրա՝ առանց որևէ օրենք խախտելու: Ոստիկանները սկսեցին քաշքշել նրան և մնացած քաղաքացիներին: Արդյունքում տապալեցին ասֆալտին ու կոտրեցին նրա ձեռքը: Այս և մի շարք այլ դեպքերի վերաբերյալ ներկայացվելու է հաղորդում»,- ֆեյսբուքյան իր էջում գրել է նա:
«Շտապօգնություն» ՓԲԸ-ի տնօրեն Թագուհի Ստեփանյանը Sputnik Արմենիային հայտնեց, որ անհնազանդության ակցիաների ժամանակ մարմնական վնասվածքներ ստացած քաղաքացիների վերաբերյալ երկու ահազանգ են ստացել։
«Տուժածներից մեկը կին է, որը Կիևյան-Օրբելի փողոցների խաչմերուկից տեղափոխվել է «Նաիրի» բժշկական կենտրոն, մյուսը` ոստիկան»,- ասաց Ստեփանյանը։
Հիշեցնենք` Հայաստանում բողոքի ալիք բարձրացավ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի` Արցախի վերաբերյալ հայտարարությունից հետո։
Ապրիլի 22-ին ԱԺ փոխխոսնակ, «Հայաստան» խմբակցության անդամ Իշխան Սաղաթելյանը հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանին և նրա թիմին իշխանությունից հեռացնելու փողոցային պայքարի մեկնարկի մասին։
Մայիսի 1-ին Երևանի Ֆրանսիայի հրապարակում մեկնարկեց ընդդիմության բազմահազարանոց հանրահավաքը։ Մասնակիցները վրաններ ու բարիկադներ տեղադրեցին, Իշխան Սաղաթելյանը հայտարարեց, որ մայիսի 2-ից սկսում են անհնազանդության ակցիաներ՝ փակելով փողոցները։
Մայիսի 2-ից սկսած` ամեն օր Երևանում կազմակերպվում են անհնազանդության ակցիաներ, երթեր ու հանրահավաքներ։