ԵՐԵՎԱՆ, 17 մայիսի – Sputnik. ԱԺ «Հայաստան» խմբակցության անդամ Գեղամ Մանուկյանը հայտնում է, որ ոստիկաններն առևանգել են իր թիմակից պատգամավոր Թադևոս Ավետիսյանին։
«Կարմիր ու սև բերետավորները առևանգեցին պատգամավոր Թադևոս Ավետիսյանին, հակառակ այն բանին, որ զգուշացնում էի՝ իրավունք չունեն։ Պատգամավորին մտցրեցին ոստիկանական մեքենան և առևանգեցին՝ որևէ հիմնավորում չտալով նման քայլի համար»,- ֆեյսբուքյան ուղիղ եթերում ասաց Մանուկյանը։
Ավետիսյանն իր հերթին լուսանկար է հրապարակել ոստիկանական մեքենայի միջից և գրել, որ իրեն բիրտ ուժի գործադրմամբ բերման են ենթարկել բողոքի խաղաղ ակցիայի ընթացքում։
Հավելենք, որ ՀՀ ԱԺ պատգամավորի կարգավիճակի մասին օրենքի համաձայն` պատգամավորական լիազորությունների ընթացքում և դրանից հետո անձը չի կարող հետապնդվել և պատասխանատվության ենթարկվել պատգամավորի կարգավիճակից բխող գործողությունների, այդ թվում՝ Ազգային ժողովում հայտնած կարծիքի համար, եթե այն զրպարտություն կամ վիրավորանք չի պարունակում: Պատգամավորին չի կարելի կալանավորել, դատական կարգով վարչական կամ քրեական պատասխանատվության ենթարկել առանց «Ազգային ժողովի կանոնակարգ» ՀՀ օրենքով սահմանված կարգով տրված Ազգային ժողովի համաձայնության։
Հիշեցնենք` Հայաստանում բողոքի ալիք բարձրացավ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի` Արցախի վերաբերյալ հայտարարությունից հետո։
Ապրիլի 22-ին ԱԺ փոխխոսնակ, «Հայաստան» խմբակցության անդամ Իշխան Սաղաթելյանը հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանին և նրա թիմին իշխանությունից հեռացնելու փողոցային պայքարի մեկնարկի մասին։
Մայիսի 1-ին Երևանի Ֆրանսիայի հրապարակում մեկնարկեց ընդդիմության բազմահազարանոց հանրահավաքը։ Մասնակիցները վրաններ ու բարիկադներ տեղադրեցին, Իշխան Սաղաթելյանը հայտարարեց, որ մայիսի 2-ից սկսում են անհնազանդության ակցիաներ՝ փակելով փողոցները։
Մայիսի 2-ից սկսած` ամեն օր Երևանում կազմակերպվում են անհնազանդության ակցիաներ, երթեր ու հանրահավաքներ։