Թուրքիայում առաջիկա օրերին սպասում են Պուտինի այցին

Ռուսաստանի ու Թուրքիայի նախագահներ Վլադիմիր Պուտինն ու Ռեջեփ Թայիփ Էրդողանը Սոչիում. Արխիվային լուսանկար
Մինչ ՌԴ նախագահի այցը Թուրքիա կմեկնի Ռուսաստանի բարձրաստիճան պատվիրակությունը։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 17 մայիսի - sputnik. Մայիսի 18-ին ՌԴ փոխվարչապետ Ալեքսանդր Նովակի գլխավորած պատվիրակությունը կմեկնի Անկարա: Առաջիկա օրերին նախատեսվում է նաև ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի այցը Թուրքիա: Այս մասին հայտնում է թուրքական Yeni Şafak թերթը:

Նշվում է, որ Ռուսաստանի պատվիրակությունը Թուրքիա է մեկնում տնտեսական հարցեր քննարկելու: Ըստ այդմ` նախ քննարկվելու են Թուրքիայում արվելիք ռուսական ներդրումները, ինչպես նաև վերջին ամիսներին տարբեր ապրանքների մատակարարման խնդիրները:

Ըստ աղբյուրի` Վլադիմիր Պուտինին հրավիրել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը:
Հիշեցնենք, որ փետրվարի 24-ին Ուկրաինայում Ռուսաստանի սկսած հատուկ ռազմական գործողությունից հետո Թուրքիայի ու Ռուսաստանի միջև մատակարարումների խնդիրներ ծագեցին։ Բուսայուղ ու այլ ապրանքներ կրող թուրքական նավերը մնացել են Ազովի ծովում։
Բացի այդ, Սև ծովում ականների հայտնաբերումից հետո խնդիրներ են առաջացել այդտեղ նավարկող, այդ թվում՝ ապրանքներ տեղափոխող նավերի համար։ Ապահովագրական ընկերությունները կա՛մ հրաժարվում են ապահովագրել, կա՛մ էլ շատ թանկ գին են առաջարկում։ Դրա պատճառը և՛ ռազմական գործողությունն է, և՛ Ռուսաստանի դեմ Արևմուտքի սահմանած պատժամիջոցները։