ԵՐԵՎԱՆ, 17 մայիսի - Sputnik. Ոստիկանության ամբողջ համակարգը պարգևատրվել է։ Այսօր Ֆրանսիայի հրապարակում ընթացող հանրահավաքում նման հայտարարություն արեց ԱԺ փոխխոսնակ, «Դիմադրություն» շարժման անդամ Իշխան Սաղաթելյանը։
«Նիկոլը փորձում է վարձահատույց լինել ոստիկանությանը, որպեսզի իր իշխանությունը պահի։ Տղե՛րք, Նիկոլը ուզում է ձեզ գնի, շողոքորթի, ուզում է գումարով ձեզ ներգրավի իր ապօրինի գործունեության մեջ։ Մի՛ տրվեք այդ խելագարի ապօրինի հրահանգներին»,- ասաց Սաղաթելյանը։
Ընդդիմադիր գործիչը ոստիկաններին նաև հորդորեց չհավատալ իշխանության խոստումներին, թե իրենք անպատիժ են մնալու, քանի որ, իր խոսքով, այսօրվա իշխանությունը վաղը չի լինելու։
«Հանուն պարգևավճարի ձեր ձեռքերը մի՛ արյունոտեք ու նոր քրեական գործեր մի՛ շալակեք»,- ասաց Սաղաթելյանը։
Նա հայտարարեց նաև, որ այսօրվա բողոքի ակցիաներն աննախադեպ են եղել իրենց մասշտաբներով։ Ոստիկանությունը հայտարարել էր բերման ենթարկված 417-ի մասին, բայց, ըստ Սաղաթելյանի, իրականում շուրջ 600 անձ է բերման ենթարկվել։
Հիշեցնենք` Հայաստանում բողոքի ալիք բարձրացավ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի` Արցախի վերաբերյալ հայտարարությունից հետո։
Ապրիլի 22-ին ԱԺ փոխխոսնակ, «Հայաստան» խմբակցության անդամ Իշխան Սաղաթելյանը հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանին և նրա թիմին իշխանությունից հեռացնելու փողոցային պայքարի մեկնարկի մասին։
Մայիսի 1-ին Երևանի Ֆրանսիայի հրապարակում մեկնարկեց ընդդիմության բազմահազարանոց հանրահավաքը։ Մասնակիցները վրաններ ու բարիկադներ տեղադրեցին, Իշխան Սաղաթելյանը հայտարարեց, որ մայիսի 2-ից սկսում են անհնազանդության ակցիաներ՝ փակելով փողոցները։
Մայիսի 2-ից սկսած` ամեն օր Երևանում կազմակերպվում են անհնազանդության ակցիաներ, երթեր ու հանրահավաքներ։