ԵՐԵՎԱՆ, 17 մայիսի – Sputnik. Ռուսաստանի գոյությունը նյարդայնացնում է արևմտյան երկրներին, նրանք ամեն ինչի պատրաստ են, որպեսզի ՌԴ–ն չզարգանա, հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը «Նոր հորիզոններ» լուսավորչական մարաթոնի ժամանակ։
«Երբեմն թվում է` Ռուսաստանի գոյությունը նյարդայնացնում է հավաքական Արևմուտքին, և նրանք պատրաստ են ամեն ինչի, որպեսզի մեզ խանգարեն զարգանալ ու ապրել այնպես, ինչպես ցանկանում ենք», - ասել է Պեսկովը:
ՌԴ նախագահի մամուլի քարտուղարի խոսքով` Ռուսաստանը փորձում էր Արևմուտքի հետ պայմանավորվել անվտանգության նոր սկզբունքների շուրջ, բայց նրան առանձնապես չէին լսում։
«Մենք ասում էինք, որ մեզ դուր չի գալիս, երբ ձեր հրթիռներն ու թնդանոթները մոտենում են մեր սահմաններին, մեզ դուր չէր գալիս, երբ դուք ընդլայնում էիք ՆԱՏՕ-ն, մենք վտանգ էինք զգում, խնդրում էինք, որ դա չանեք, հրավիրում էինք պայմանավորվել անվտանգության նոր սկզբունքների շուրջ, խնդրում էինք ձեզ համաձայնության գալ, թե ինչպես միասին ապրենք խաղաղության մեջ, խնդրում էինք պայմանավորվել, որ տնտեսության մեջ և առևտրում խտրականության միջոցներ չլինեն»,- ասել է Պեսկովը։
Նրա խոսքով` Ռուսաստանին չլսեցին, քանի որ աշխարհում շատ ուժեղ մրցակցություն կա։ Իսկ ընդհանրապես հավաքական Արևմուտքը բուրգի տեսք ունի` ով ինչ ասի, վերևում ԱՄՆ-ն է, ու որոշումները հենց այնտեղ են ընդունվում։
«Մենք հիմա ապրում ենք շատ բարդ, բայց շատ պատասխանատու ժամանակաշրջանում: Տասնամյակներ շարունակ մեր երկիրը զարգացել է, փորձել է դիմակայել ճգնաժամին` դա օգտագործելով կատարելագործման համար։ Մեր երկիրը զարգացել է ու դարձել ավելի լավը, որպեսզի հաջորդ սերունդների համար բացվեն նոր հորիզոններ, նոր հնարավորություններ»,- ասել է ՌԴ նախագահի խոսնակը։
Պեսկովը եզրափակել է, որ Ռուսաստանն ամեն ինչ ունի ներկա դժվարությունները հաղթահարելու համար։