ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի վերջին հայտարարությունները սեփական քաղաքական իմպոտենտության դրսևորումներ են, նա փորձում է իր կողմից անհեռատես, չմտածված քաղաքականության ձախողումը բարդել այլ պետությունների վրա։ Sputnik Արմենիայի հետ զրույցում այս տեսակետը հայտնեց ադրբեջանագետ Գառնիկ Դավթյանը։
Նա հիշեցրեց` դեռ այն ժամանակ, երբ ադրբեջանական զինուժը չէր թափանցել Հայաստանի տարածք, մասնագետներն ասում էին, որ պատերազմի ավարտից հետո կան բազմաթիվ վտանգներ, այդ թվում` ադրբեջանական զորամիավորումների կողմից Հայաստանի վրա հարձակվելու վտանգ, ինչը հերքվում էր գործող իշխանության կողմից քարոզչական մեթոդներով ու տարաբնույթ հայտարարություններով։
«Հետագայում իրավիճակից օգտվելու և ադրբեջանցի զինվորականներին հենց սկզբում գերեվարելու և մեր գերիների հետ փոխանակելու փոխարեն ընտրվեց ռուսական կողմին մեղադրելու, ռուսական կողմի վրա մեղքը բարդելու, ՀԱՊԿ-ին քննադատելու գործելակերպը։ ՀԱՊԿ-ն առաջին անգամ էր բախվում նման խնդրի, ուստի հնարավոր էին տեխնիկական ոչ ճիշտ կառուցվածքային մոտեցումներ, բայց ակնհայտ է նաև, որ Փաշինյանի կողմից քննադատություն հնչեցնելն արվում է միտումնավոր կերպով`թիրախավորելով ռուսական ուղղությունը»,- ասաց ադրբեջանագետը։
Դավթյանի կարծիքով` նման գործելակերպը վկայում է ռազմավարական հարաբերությունները քայքայելու և հետագայում դրանք ավելի մեծ հարվածի տակ դնելու մշակված քաղաքականության մասին։
Նշենք, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Մոսկվայում մայիսի 16-ին ՀԱՊԿ անդամ երկրների ղեկավարների հոբելյանական հանդիպմանը հայտարարեց, թե Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունը Երևանի համար շատ կարևոր հարցերին այնքան էլ արդյունավետ չի արձագանքում, որքան Հայաստանն է ակնկալում։