Մենք ձեր մայրերից չենք տարբերվում, խի՛ղճ ունեցեք. Տոնոյանը` դատավորներին և դատախազներին

Որդեկույս մայրը նշեց, որ դեռ շատ անգամներ են ստիպված լինելու կանգնել դատարաններում ու հույսով նայելու դատավորների ու դատախազների դեմքին։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 17 մայիսի - Sputnik. Արցախյան 44-օրյա պատերազմում զոհված Մենուա Հովհաննիսյանի մայրը` «5165» շարժման առաջնորդ Կարին Տոնոյանն այսօր Ֆրանսիայի հրապարակի բեմահարթակից դիմեց նրանց, ովքեր, իր խոսքով, իրենց «դատարանից դատարան են քարշ տալիս»։

«Մեր աղոթքները հիմա բոլորի զավակների համար են, որովհետև դրանք արդեն մեր զավակներին պետք չեն։ Մեր աղոթքները հիմա մեր հայրենիքի համար են»,- ասաց նա։

Զոհվածի մայրը խոսքն ուղղեց ՀՀ դատավորներին ու դատախազներին, այդ թվում` ՀՀ գլխավոր դատախազին։
«Եթե այս չափազանց կարևոր ու զգայուն գործով Հայաաստանում չեղավ արդարադատություն, ապա ես չեմ հավատում, որ որևէ այլ գործով Հայաստանում կլինի արդարություն ու արդարադատություն։ Եթե 5000 սպանված տղաների գործը ձեզ չի հուզում, և դուք ընդունակ եք այսպես անբարո վերաբերվելու այս գործին, ուրեմն դուք իրավունք չունեք որևէ այլ դատ իրականացնելու և ընդհանրապես մոտենալու արդարադատությանը»,- ասաց Տոնոյանը։
Զոհվածների ծնողները Ֆրանսիայի հրապարակում պահանջում են Փաշինյանի և Ջհանգիրյանի հրաժարականը
Զոհված զինվորի մայրը նշեց, որ դեռ շատ անգամներ են ստիպված լինելու կանգնել դատարաններում ու հույսով նայելու դատավորների ու դատախազների դեմքերին։ Ուստի նրանց էլ հորդորեց այդ դատավարություններին գալուց առաջ առավոտյան ուշադիր նայել իրենց մայրերի աչքերին։

«Տեսե՛ք նրանց աչքերում ձեր նկատմամբ ունեցած սպասումն ու նոր միայն գնացեք դատարանի դահլիճ։ Մենք ձեր մայրերից ոչնչով չենք տարբերվում։ Խի՛ղճ ունեցեք»,- ասաց նա։

Հիշեցնենք` 44-օրյա պատերազմում զոհվածների ծնողները մի քանի օր շարունակ բողոքի ակցիաներ էին անում ՀՀ գլխավոր դատախազության շենքի դիմաց։ Նրանք դատախազին են փոխանցել իրենց ստորագրություններով դիմում-պահանջը՝ 44-օրյա պատերազմի վերաբերյալ քրգործում վարչապետ Նիկոլ Փաշինյանին որպես մեղադրյալ ներգրավելու և իրենց տուժող ճանաչելու մասին։
Ապրիլի 28-ին դատախազությունից ծնողներին հայտնել են, որ միջնորդությունն ուղարկվել է քրգործի վարույթն իրականացնող մարմնին։
Նշենք, որ ծնողների դիմումը վերաբերում է ՀՀ ՀՔԾ-ում 2020թ. նոյեմբերի 21-ին պաշտոնեական լիազորությունները չարաշահելու հատկանիշներով հարուցված քրգործին. քննության առարկա են պատերազմից առաջ և դրա ընթացքում ՀՀ բարձրաստիճան պաշտոնատար անձանց կողմից ենթադրաբար կատարված այնպիսի արարքներ, որոնք բացասական նշանակություն են ունեցել զինված ուժերի մարտունակության հարցում և ազդել են պատերազմի արդյունքի վրա։
Քրգործի նախաքննությունը հանձնված է ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեին։