Լինգով մի քանի անգամ հարվածել է շտապօգնության բժշկի գլխին. ոստիկանություն

49-ամյա տղամարդը բերման է ենթարկվել բաժին և տվել խոստովանական բացատրություն:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 17 մայիսի – Sputnik. Հիվանդին օգնության մեկնած շտապօգնության բժշկի գլխին լինգով հարվածել են։ Տեղեկությունը հայտնում է ոստիկանությունը` մանրամասներ տրամադրելով դեպքի առնչությամբ։
Երեկ Երևանի քաղաքապետի տեղակալ Գևորգ Սիմոնյանը ֆեյսբուքյան իր էջում գրել էր` մասնագիտական պարտականությունները կատարելիս բռնության են ենթարկվել շտապօգնության աշխատակիցները։
«Մայիսի 16-ին, ժամը 13։23-ին, շտապօգնության ենթակայանից ոստիկանություն հաղորդում է ստացվել, որ կանչով մեկնել են Արհեստավորների փողոցի տներից մեկը՝ ծանր հիվանդին բուժօգնություն ցույց տալու, որտեղ նրա հարազատը խփել է բժշկի գլխին: Իսկ ժամը 13։35-ին հիվանդանոցից հաղորդում է ստացվել, որ գանգուղեղային վնասվածք ախտորոշմամբ բուժօգնության է դիմել շտապօգնության բժիշկը: Նա հայտնել է, որ բուժօգնություն ցուցաբերելիս հիվանդի հարազատը լինգով մի քանի անգամ խփել է իրեն»,–ասված է հաղորդագրության մեջ։
Ըստ հաղորդագրության, նշված արարքը կատարել է 49-ամյա տղամարդը, որը բերման է ենթարկվել բաժին, տվել խոստովանական բացատրություն:
Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն: Նախապատրաստվում են նյութեր: