Լիբանանի ընտրությունները. «Հըզբոլլահն» այլևս մեծամասնություն չէ խորհրդարանում

Լիբանանի խորհրդարանը. Արխիվային լուսանկար
Լիբանանի արտգործնախարարը հրապարակել է երկրում խորհրդարանական ընտրությունների արդյունքները։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 17 մայիսի - Sputnik. Շիաների հետևորդ «Հըզբոլլահ» շարժումը և նրա համախոհները Լիբանանում կայացած ընտրությունների արդյունքում կորցրել են մեծամասնությունը խորհրդարանում։ Տեղեկությունը հայտնում է ՌԻԱ Նովոստին՝ հղում անելով երկրի ՆԳՆ ղեկավարի հրապարակած տվյալներին։

Ընտրությունների արդյունքների համաձայն՝ «Հըզբոլլահի» ու նրա գործընկերների կոալիցիան՝ «Մարտի 8-ի ուժեր» անվանումով, 62 տեղ է ստացել օրենսդիր մարմնի նոր կազմում: Համեմատության համար նշվում է, որ 2018-ի ընտրություններում կոալիցիան 78 տեղ էր ստացել։

«Հըզբոլլահի» աղբյուրը գործակալությանը հայտնել է, որ շարժումը կառաջարկի խորհրդարանի ներկայիս խոսնակ Նաբիհ Բըրրիի թեկնածությունը՝ նույն պաշտոնում վերընտրվելու համար:
Լիբանանի նախկին արտգործնախարար Ջեբրան Բասիլի ղեկավարությամբ «Ուժեղ Լիբանան» շարժումը ստացել է 22 տեղ: «Լիբանանյան ուժեր» քրիստոնեական կուսակցությունը նույնպես 22 տեղ է շահել։ Եվս 15 մանդատ ունեն քաղաքացիական հասարակության պատգամավորները, իսկ 7 մանդատ՝ անկախ պատգամավորները։
Ներկայացուցիչների պալատի (խորհրդարանի) ընտրություններն անցած կիրակի են տեղի ունեցել Լիբանանում՝ տնտեսական սուր ճգնաժամի պայմաններում: Քվեարկությանը կարող էին մասնակցել ձայնի իրավունք ունեցող 3,9 մլն ընտրողներ։ Լիբանանում խորհրդարանական ընտրություններին մասնակցությունը գերազանցել է 41 տոկոսը։
Նշենք, որ ՀՅԴ-ն հայտնել է, որ իրենց կուսակցությունը 3 հայազգի պատգամավոր կունենա Լիբանանի նոր խորհրդարանում։
Նմանություններ Հայաստանի հետ կամ Լիբանան՝ երկիր, որտեղ ճգնաժամի վերջը չի երևում