ԵՐԵՎԱՆ, 17 մայիսի – Sputnik. Այս պահին լարված իրավիճակ է Երևանի Աբովյան փողոցում։ Ոստիկանները բերման են ենթարկում բողոքի խաղաղ ակցիա անող քաղաքացիներին։ Ոստիկանական մեքենայում նստածները պատուհանները բացում և «Պայքար» են վանկարկում։
Նշենք, որ ակցիայի մասնակիցներին այստեղ առաջնորդում էր «Դիմադրություն» շարժման անդամ Արամ Վարդևանյանը։
Նա կոչ արեց ոստիկաններին ոչ թե բերման ենթարկել, այլ ուղեկցել ակցիայի մասնակիցներին, ինչպես ընդունված է օրենքով։
Հայտնել ենք, որ ժամը 11։00-ի դրությամբ 286 քաղաքացի է բերվել ոստիկանություն։
Հիշեցնենք, որ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի որդին` Լևոն Քոչարյանը, ոստիկանական ավտոբուսի միջից «լայվ» էր մտել ու հայտնել, որ իրենց տարել են Զեյթունի բաժանմունք, սակայն այնտեղ տեղ չկար։ Ավելի ուշ Քոչարյանը կրկին «լայվ» էր մտել ու ասել` հիմա էլ Էրեբունու բաժանմունք են բերել, սակայն այնտեղ էլ տեղ չկա։
Հայաստանում բողոքի ալիք բարձրացավ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի` Արցախի վերաբերյալ հայտարարությունից հետո։
Ապրիլի 22-ին ԱԺ փոխխոսնակ, «Հայաստան» խմբակցության անդամ Իշխան Սաղաթելյանը հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանին և նրա թիմին իշխանությունից հեռացնելու փողոցային պայքարի մեկնարկի մասին։
Մայիսի 1-ին Երևանի Ֆրանսիայի հրապարակում մեկնարկեց ընդդիմության բազմահազարանոց հանրահավաքը։ Մասնակիցները վրաններ ու բարիկադներ տեղադրեցին, Իշխան Սաղաթելյանը հայտարարեց, որ մայիսի 2-ից սկսում են անհնազանդության ակցիաներ՝ փակելով փողոցները։
Մայիսի 2-ից սկսած` ամեն օր Երևանում կազմակերպվում են անհնազանդության ակցիաներ, երթեր ու հանրահավաքներ։