Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի փոխվարչապետները կհանդիպեն այս ամիս

Երևանում անցկացվող հայ-ռուսական գործարար համաժողովում. Մհեր Գրիգորյանն ու Ալեքսեյ Օվերչուկը. Արխիվային լուսանկար
Հանդիպման կոնկրետ ամսաթիվը դեռ հստակեցման փուլում է։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 17 մայիսի – Sputnik. Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի փոխվարչապետների համանախագահությամբ եռակողմ աշխատանքային խմբի հանդիպումը տեղի կունենա այս ամսվա ընթացքում: Տեղեկությունը Sputnik Արմենիային հայտնել են ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի գրասենյակից։
«Հանդիպման հստակ ամսաթիվը դեռ համաձայնեցման փուլում է»,–ասացին գրասենյակից:
Հիշեցնենք, որ փոխվարչապետների եռակողմ աշխատանքային խմբի` փետրվարի 27–ին Մոսկվայում կայացած հանդիպման ժամանակ առաջարկել են ցուցակագրել երկաթուղային ու ավտոմոբիլային փոխադրումների միջազգային պայմանագրերը:
Հիշեցնենք` 2021թ–ի հունվարի 11-ին Մոսկվայում կայացած Պուտին-Փաշինյան-Ալիև հանդիպման ժամանակ ընդունվել էր համատեղ հայտարարություն, որով նախատեված է տարածաշրջանում բոլոր տնտեսական ու տրանսպորտային կապերի ապաշրջափակում։
Գործընթացի իրականացման համար ստեղծվել է աշխատանքային խումբ, որի համանախագահները 3 երկրների փոխվարչապետներն են։
Առաջին աշխատանքային հանդիպումը տեղի էր ունեցել 2021թ–ի հունվարի 30-ին: