«Հայանտառ» ՊՈԱԿ-ի նախկին տնօրենին մեղադրանք է առաջադրվել

ՀՀ քննչական կոմիտե
Ըստ ՔԿ-ի` պետությունը, ի դեմս «Հայանտառ» ՊՈԱԿ-ի, զրկվել է ավելի քան 34 միլիոն դրամ պետական բյուջե մուտքագրելու հնարավորությունից:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 17 մայիսի – Sputnik. «Հայանտառ» ՊՈԱԿ-ի նախկին տնօրենին պաշտոնեական դիրքը չարաշահելու մեղադրանք է առաջադրվել։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ քննչական կոմիտեի մամուլի ծառայությունը։
Ըստ հաղորդագրության` պարզվել է, որ դեռևս 2007 թվականի օգոստոսի 17-ին երեք քաղաքացիներ 10 տարի ժամկետով անտառային հողերի վարձակալության պայմանագրեր են կնքել «Հայանտառ» ՊՈԱԿ-ի հետ, համաձայն որոնց՝ հանգստի գոտի կազմակերպելու նպատակով վերջիններիս ժամանակավոր օգտագործմանն է հանձնվել «Հրազդանի անտառտնտեսություն» մասնաճյուղի Ծաղկաձորի անտառպետության տեղամասից որոշակի տարածք՝ տարեկան 240 000 ՀՀ դրամ վարձավճարով:
Պայմանագրերի կնքումից հետո տևական ժամանակ հիշյալ քաղաքացիները սահմանված կարգով վճարումները չեն կատարել, ինչի կապակցությամբ «Հայանտառ» ՊՈԱԿ-ը 2014 թվականին քաղաքացիական հայց է ներկայացրել դատարան՝ պահանջելով բռնագանձել վարձավճարները և տուգանքները: Դատարանների կողմից հայցերը բավարարվել են, և 34 114 551 դրամ բռնագանձելու վերաբերյալ վճիռներ են կայացվել:
Սակայն, ըստ հաղորդագրության՝ «Հայանտառ» ՊՈԱԿ-ի տնօրենը, որը նաև «Հայ յեղափոխական դաշնակցություն» կուսակցության անդամ է՝ վերոգրյալ հողատարածքները վարձակալած անձանց հետ նույն կուսակցության անդամ լինելու խմբային շահերից ելնելով, չի ստորագրել դատական ակտերը կատարման ուղարկելու վերաբերյալ գրությունները։ Նույն աղբյուրը ավելացնում է, թե նա նաև պարբերաբար բանավոր ցուցումներ է տվել ՊՈԱԿ-ի աշխատակցին օրինական ուժի մեջ մտած վերոնշյալ դատական ակտերը կատարման չուղարկելու վերաբերյալ:

Շուրջ երկու տարի անց հօգուտ պետության 34 114 551 ՀՀ դրամ բռնագանձման վերաբերյալ դատական ակտերը կատարման ներկայացնելու փոխարեն՝ ՊՈԱԿ-ի տնօրենը, առանց հիմնավորման, ամբողջությամբ չեղյալ է համարել հիշյալ վարձակալության պայմանագրերով սահմանված վարձավճարի և տուժանքի գումարները, ինչի արդյունքում պետության օրինական շահերին պատճառել է էական վնաս՝ 34 114 551 ՀՀ դրամ:

ՊՈԱԿ-ի նախկին տնօրենին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 2-րդ մասով (պաշտոնեական լիազորությունները չարաշահելը, որն անզգուշությամբ առաջացրել է ծանր հետևանքներ):
Նախաքննությունը շարունակվում է: