Ֆրանսիան կավելացնի սպառազինության մատակարարումը Ուկրաինային․ Մակրոն

Ֆրանսիայի և Ուկրաինայի նախագահները քննարկել են անվտանգության երաշխիքները, որոնք Փարիզը կարող է տրամադրել Կիևին։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 17 մայիսի – Sputnik. Ֆրանսիան կավելացնի սպառազինության մատակարարումներն Ուկրաինային։ Այս մասին, ինչպես հաղորդում է ՌԻԱ Նովոստին՝ հղում անելով Ելիսեյան պալատին, Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հայտարարել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ զրույցում։
«Նա (Մակրոնը,– խմբ.) հաստատել է, որ Ֆրանսիայի կողմից սպառազինության մատակարարումները կշարունակվեն և կավելացվեն մոտակա օրերի և շաբաթների ընթացքում»,-ասված է հաղորդագրության մեջ։
Նշվում է, որ կողմերը քննարկել են նաև պարենային անվտանգության հարցը և Ուկրաինայից հացահատիկային մշակաբույսերի արտահանման հնարավոր ուղիները, ինչպես նաև անվտանգության երաշխիքները, որոնք Փարիզը կարող է տրամադրել Կիևին:
ԵՄ-ն Ուկրաինային լրացուցիչ 500 մլն եվրոյի ռազմական օգնության կհատկացնի. Բորել
Մակրոնը Զելենսկուն ասել է, որ ԵՄ-ին Ուկրաինայի անդամակցության հայտը կքննարկվի հունիսին կայանալիք Եվրոպական խորհրդի նիստում՝ ԵՀ-ի գնահատման հիման վրա: Այդ կապակցությամբ Ֆրանսիայի նախագահը հիշեցրել է «եվրոպական քաղաքական հանրություն» ստեղծելու իր առաջարկի մասին։
Զելենսկին փետրվարի 28-ին ԵՄ-ին Ուկրաինայի անդամակցության հայտ է ստորագրել։ Հաջորդ օրը Եվրախորհրդարանը հավանություն է տվել Ուկրաինային թեկնածու երկրի կարգավիճակ տրամադրելու մասին բանաձևին։
Հիշեցնենք` փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ հատուկ ռազմական գործողության մասին որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։
Ուկրաինայում մարտական գործողությունները շարունակվում են արդեն 83-րդ օրը։