ԵՐԵՎԱՆ, 17 մայիսի – Sputnik. Ֆրանսիական էներգետիկ Engie հսկան ռուսական գազի վճարման սխեմաները փոփոխելու վերաբերյալ բանակցում է «Գազպրոմի» հետ։ Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին` հղում անելով ֆրանսիական ընկերության մամուլի հաղորդագրությանը։
«Ռուսաստանի խնդրանքով Engie-ն բանակցում է «Գազպրոմի» հետ ռուսական գազի մատակարարման դիմաց վճարումների սխեմայի փոփոխման վերաբերյալ։ Խումբը ձեռնարկել է անհրաժեշտ քայլերը, վճարման իր պարտավորությունների կատարմանը պատրաստ լինելու համար, եթե դա համապատասխանի եվրոպական պատժամիջոցներին և Engie–ի համար ռիսկային չլինի», – ասվում է հաղորդագրության մեջ։
2021 թվականին «Գազպրոմի» հետ երկարաժամկետ պայմանագրերին բաժին էր հասնում ամբողջ աշխարհում Engie–ի գազի սպառման և վաճառքի ընդհանուր ծավալի շուրջ 20%–ը։
Ավելի վաղ Engie ղեկավար Ժան–Պիեռ Կլամադիեն հայտարարել էր, որ ընկերությունը ռուբլով գազի դիմաց վճարելու հարցը դեռ չի լուծել։
Ֆրանսիական Engie-ն գործունեություն է ծավալում էլեկտրաէներգիայի գեներացիայի, փոխանցման և մատակարարման ոլորտում, բնական գազի արդյունահանման, տեղափոխման և մատակարարման, ինչպես նաև էներգիայի այլընտրանքային աղբյուրների ոլորտում։