ԵՐԵՎԱՆ, 17 մայիսի – Sputnik. Մայիսի 18-ին ԱՄՆ-ում սպասվում է Թուրքիայի արտգործնախարար Մևլյութ Չավուշօղլուի և ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենի հանդիպումը, որի ընթացքում քննարկվելու է նաև Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթացը։ Այս մասին հայտնում է թուրքական պետական «Անադոլու» լրատվական գործակալությունը։
Նշվում է, որ Չավուշօղլուի պաշտոնական այցն ԱՄՆ՝ «Թուրքիա-ԱՄՆ ռազմավարական մեխանիզմի» շրջանակում նախարարների մակարդակով առաջին հանդիպումն իրականացնելու համար է։ Քննարկվելու են Ուկրաինայում իրավիճակը, ՆԱՏՕ-ին Շվեդիայի ու Ֆինլանդիայի անդամակցումը, ԱՄՆ-ից Թուրքիայի F-16 կործանիչների նոր խմբաքանակ գնելու, հին ինքնաթիռներն արդիականացնելու և այլ հարցեր։
Նախատեսվում է նաև, որ քննարկվելու են Թուրքիա-ԱՄՆ երկկողմ հարաբերություններում առկա բոլոր հարցերը։
Հիշեցնենք, որ այս տարվա փետրվարին նույնպես Բլինկենն ու Չավուշօղլուն անդրադարձել էին հայ-թուրքական հարաբերություններին։ Խոսվել էր այն մասին, թե ինչ լրացուցիչ միջոցներ կարող է ԱՄՆ-ն ձեռնարկել՝ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորմանն աջակցելու համար։