Ասացին` Փաշինյանին ձերբակալելու հիմք դեռ չկա. ծնողների մեկ խումբ էլ փակել է Բաբայան փողոցը

Զոհվածների ծնողների բողոքի ակցիան
Ծնողները պահանջում են, որ քննիչն իջնի և պարզաբանում ներկայացնի իրենց հուզող հարցերին։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 17 մայիսի – Sputnik. Արցախյան 44-օրյա պատերազմում զոհվածների ծնողների մեկ այլ խումբ էլ այժմ փակել է Բաբայան փողոցը։
Նշենք, որ այսօր նրանք հրավիրվել էին հարցաքննության։
Փաստաբան Վահան Հովհաննիսյանը հայտնեց, որ գլխավոր դատախազությունից վարչապետ Նիկոլ Փաշինյանին ձերբակալելու միջնորդությունն ուղարկվել է զինդատախազություն, և ուրբաթ օրը ստացել են ծանուցումը։
«Ըստ զինդատախազության` երեկ այն առձեռն ուղարկվել է և՛ փաստաբաններին, և՛ քննչական վարչություն։ Սակայն քննիչն ասում է, որ նման միջնորդություն չի ստացել։ Հավատում ենք զինդատախազությանը, որ ծանուցումն ուղարկվել է։ Այսինքն` Փաշինյանին ձերբակալելու և հարցաքննելու միջնորդությունը չի հետաձգվել, բայց քայլեր էլ չեն իրականացվում»,–ասաց Հովհաննիսյանը։
Նրա խոսքով` այսօր պարզել են, որ Փաշինյանը մինչ այսօր չի էլ հարցաքննվել։
Այժմ ծնողները պահանջում են, որպեսզի գործով քննիչն իջնի իրենց հետ հանդիպման և պարզաբանումներ ներկայացնի։
Հարցաքննությունից դուրս եկած զոհվածներից մեկի հայրը նշեց, որ վրան են բերելու և այնտեղ խփելու։ «Ինձ ասացին, որ դեռ պետք է որոշ հանգամանքներ ճշտեն, որ ձերբակալեն Փաշինյանին։ Ասել են, որ դեռ հիմքեր չկան»,–ասաց տղամարդը։
Ավելի ուշ Հովհաննիսյանը նշեց, որ արդեն իրենք էլ են ստացել այդ միջնորդությունը։
«Վայրկյաններ առաջ տեղեկացանք, որ ստացել ենք զինդատախազության կողմից հասցեագրված գրությունն ի պատասխան մեր միջնորդության, համաձայն որի` հանձնարարվել է զինվորական քննչական գլխավոր վարչությանը կատարելու քննչական գործողություններ, որոնք նշված են միջնորդության մեջ։ Իսկ մեր միջնորդությունը վերաբերում է Փաշինյանի ձերբակալմանը։ Այսինքն` հիմա քննիչն էլ է ստացել այդ միջնորդությունը և պետք է քննչական գործողություններ կատարի` կարող է, օրինակ, ձերբակալել և հետո հարցաքննել նրան»,–ասաց Հովհաննիսյանը։
Մենք հրաժարվում ենք մասնակցել այս դատավարություններին, մեզ ծաղրում են. Տոնոյան
Հավելենք, որ ավելի ուշ ՔԿ զինվորական քննչական գլխավոր վարչության հատկապես կարևոր գործերի քննության վարչության պետ Ռաֆայել Վարդանյանն իջավ ու ծնողներին առաջարկեց մի քանի հոգով վերև բարձրանալ ու իրենց հարցերը բարձրաձայնել։ Արդյունքում ծնողներից 4-ն ու նրանց փաստաբանը գնացին զրույցի։
Հայտնել ենք, որ Արցախյան 44-օրյա պատերազմում զոհվածների ծնողները փակել էին Վերաքննիչ քրեական դատարանի հարակից` Գարեգին Նժդեհի փողոցը։ Նիստի հետաձգումը ծնողների վրդովմունքի պատճառ էր դարձել, նրանք էլ որոշել էին այդ կերպ արտահայտել իրենց բողոքը։