Առևանգել է տղամարդուն, ձեռքերն ու ոտքերը կապել, պտուտակահանով վնասել. ՔԿ-ի բացահայտումը

Փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ։ Քաղաքացին ճանաչվել է տուժող և հարցաքննվել:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 17 մայիսի – Sputnik. Հայաստանում օրեր առաջ արձանագրվել է մարդուն առևանգելու, ազատությունից զրկելու ու շահագործելու դեպք. հաղորդում է Քննչական կոմիտեն։
Ըստ նույն աղբյուրի, 32-ամյա տղամարդուն առևանգելու ու անազատության մեջ պահելու մեջ կասկածվում է նրա ընկերոջ բարեկամը` 39-ամյա մի տղամարդ։
Ըստ նախաքննական վարկածի` ամեն ինչ սկսվել է երկու տղամարդկանց միջև տարիներ առաջ տեղի ունեցած վիճաբանության շուրջ պարզաբանումներից, որի ընթացքում 39-ամյա տղամարդը ատրճանակով սպառնացել է փախուստի դիմելու դեպքում սպանել 32-ամյա տղամարդուն։ Ապա նրան բռնի տեղափոխել է իր առանձնատուն, ձեռքերն ու ոտքերը կապել, էլեկտրական պտուտակահանով վնասել ձեռքը, բռունցքով հարվածել դեմքին, ստիպել տարբեր աշխատանքներ կատարել:
Օրեր անց, 2022թ. մայիսի 5-ին՝ օգտվելով ձեռքերը և ոտքերը կապված չլինելու և տանտիրոջ անուշադիր լինելու հանգամանքից, անազատության մեջ պահվող տղամարդը դիմել է փախուստի: Իսկ մայիսի 7-ին դիմել է ոստիկանություն:
Փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ։ Քաղաքացին ճանաչվել է տուժող և հարցաքննվել:
Ձեռնարկված միջոցառումների արդյունքում պարզվել է քաղաքացուն առերևույթ առևանգած անձի ինքնությունը. նա Երևան քաղաքի բնակիչ է՝ ծնված 1982թ.-ին:
Ենթադրյալ հանցագործություն կատարած անձի բնակության վայրի խուզարկության ընթացքում հայտնաբերվել են էլեկտրական պտուտակահան, փայտյա մահակ, ապակե կաթոցիչներ` պատերին մոխրացած հետքերով, կռփազենք, ծալովի դանակ, կանեփի սերմերի նմանվող կանաչավուն սերմեր ու կանեփի թփեր:
Երևան քաղաքի բնակիչը ձերբակալվել է: Նախաքննությունը շարունակվում է: