Արցախում ՃՈ–ն խստացված ռեժիմով է աշխատում. կանգնեցվում են բոլոր մեքենաները

Ոստիկանությունն անցել է ուժեղ ծառայության` հաշվի առնելով վերջին շրջանում հրազենի գործադրմամբ կատարված հանցագործությունների աճը։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 17 մայիսի – Sputnik. Արցախում ճանապարհային ոստիկանությունը խստացված ռեժիմով ծառայություն է իրականացնում։ Տեղեկությունը հայտնում է ԱՀ ներքին գործերի նախարարության ոստիկանությունը։
Նշվում է, որ հաշվի առնելով վերջին շրջանում հրազենի գործադրմամբ կատարված հանցագործությունների և իրավախախտումների թվի աճը, Արցախի նախագահի կողմից անվտանգության խորհրդի նիստում տրված հանձնարարություններով Արցախի ողջ տարածքում կազմակերպվում և իրականացվում են հատուկ միջոցառումներ։
«Ներպետական ու միջհամայնքային ճանապարհահատվածներում պարեկային ծառայությունն իրականացվում է ուժեղացված ռեժիմով։ Կանգնեցվում են բոլոր տրանսպորտային միջոցները, ստուգվում ճանապարհային երթևեկությանը մասնակցելու իրավունք վերապահող և փոխադրվող բեռի փաստաթղթերը, վարորդների և քաղաքացիների ներկայությամբ զննվում են տրանսպորտային միջոցները»,–ասվում է հաղորդագրության մեջ։
Նշվում է նաև, որ ստուգվում է նաև փոխադրվող բեռը` քաղաքացիական շրջանառությունից հանված առարկաներ, նյութեր և իրեր, հանցավոր ճանապարհով ձեռք բերված գույք, հանցագործության գործիքներ և այլ առարկաներ տեղափոխելու մասին տեղեկությունների կամ հիմնավոր կասկածների առկայության դեպքում։
Ինչու չի կալանավորվել Օգանովսկին. Արցախի դատախազությունը մեկնաբանել է