Ուկրաինական ճգնաժամի պարագայում ՀԱՊԿ-ի համար առաջացել են որոշակի ռիսկեր, որովհետև կազմակերպության շրջանակում հիմնական ռազմական ուժը ներկայացնում է ՌԴ-ն, որը հիմնականում զբաղված է ուկրաինական ճգնաժամով։ Խոսելով երեկ Մոսկվայում կայացած ՀԱՊԿ գագաթնաժողովի մասին, Sputnik Արմենիայի հետ զրույցում նման կարծիք հայտնեց քաղաքագետ Դավիթ Հարությունովը։
Նա նկատում է, որ եթե ՀԱՊԿ-ի պատասխանատվության գոտում այլ խնդիրներ առաջանան, ապա արձագանքման ռազմական ուժերի ձևավորումը թեև կլինի հնարավոր, սակայն առկա իրավիճակում կհարուցի որոշակի բարդություններ։
«Նույնիսկ եթե ուկրաինական ճգնաժամում Ռուսաստանի համար լինի անբարենպաստ ընթացք, միևնույն է, կազմակերպության անդամ երկրներն այդ դաշինքի շրջանակում ունեն ընդհանուր շահեր, որոնք անկախ ուկրաինական ճգնաժամի ընթացքից կմնան ուժի մեջ»,- նշեց քաղաքագետը։
Այդուհանդերձ, նրա կարծիքով, ՀԱՊԿ-ի ընդլայնման և հետագա հզորացման ճակատագիրն այսօր որոշվում է ռուս-ուկրաինական հակամարտության ծիրում։ Հարությունովի գնահատմամբ` կան ռիսկեր կապված այն հանգամանքի հետ, որ ՌԴ-ի ու Արևմուտքի միջև շատ ծանր ու լարված կոնֆլիկտի պայմաններում Ռուսաստանին ցուցաբերվելիք ցանկացած աջակցություն կդիտարկվի որպես հակամարտություն Արևմուտքի հետ։ Դրա համար ՀԱՊԿ-ի անդամ որոշ երկրներ, բացի Բելառուսից, որոշակիորեն մանևրում են։
Հարությունովի խոսքով` այլ տեսակի աջակցություն, որը չի ենթադրում հակամարտություն Արևմուտքի հետ, անշուշտ կցուցաբերվի Ռուսաստանին, սակայն այդ դեպքում խոսքը գլխավորապես քաղաքական-դիվանագիտական աջակցության մասին է։
Նշենք, որ Մոսկվայում մայիսի 16-ին կայացած ՀԱՊԿ գագաթնաժողովի արդյունքներն ամփոփող ճեպազրույցում կազմակերպության գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասը հայտարարել է, որ Ուկրաինայում հատուկ գործողությանը ՀԱՊԿ-ի մասնակցության հարցը կազմակերպության գագաթնաժողովում չի քննարկվել։
Նրա խոսքով՝ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը ՀԱՊԿ գործընկերներին մանրամասն տեղեկացրել է Ուկրաինայում հատուկ գործողության ընթացքի մասին:
Հիշեցնենք, որ ՀԱՊԿ երկրների ղեկավարները Մոսկվայում կայացած գագաթնաժողովում համատեղ հայտարարություն են ընդունել Հավաքական անվտանգության պայմանագրի 30-ամյակի և կազմակերպության 20-ամյակի կապակցությամբ: