ԵՐԵՎԱՆ, 17 մայիսի - Sputnik. ՀՀ ԱԱԾ-ն հաղորդագրություն է տարածել, որում ներկայացրել է, թե ինչ հիմքով է ձերբակալվել պրոդյուսեր Արմեն Գրիգորյանը։
Հաղորդագրության համաձայն` Գրիգորյանը ձերբակալվել է ՀՀ քրեական օրենսգրքի 226-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված հանցանք կատարելու համար, այն է` հրապարակայնորեն կամ լրատվության միջոցներ օգտագործելով` ազգային, ռասայական կամ կրոնական թշնամանք հարուցելուն, ռասայական գերազանցությանը կամ ազգային արժանապատվությունը նվաստացնելուն ուղղված գործողությունները։
Ըստ հաղորդագրության` քրեական գործը Արմեն Գրիգորյանի նկատմամբ հարուցվել է «Հայելի» ակումբում և այլ ԶԼՄ–ներում նրա տված հարցազրույցների հիման վրա, որոնցում Գրիգորյանը «հրապարակայնորեն նվաստացրել է Շիրակի և Արարատյան դաշտավայրերի բնակչության ազգային արժանապատվությունը և մտացածին գաղափարներով կասկածի տակ դրել նրանց էթնիկ ծագումնաբանությունը»:
Քննչական մարմինը հայտնում է, որ քննիչի կողմից միջնորդություն է ներկայացվել դատարան` Արմեն Գրիգորյանի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց կիրառելու համար:
Նշենք, որ Քրեական օրենսգրքի հիշյալ հոդվածով նախատեսված է 3-6 տարվա ազատազրկում։
Այն մասին, որ պրոդյուսեր Արմեն Գրիգորյանը ձերբակալվել է, ֆեյսբուքյան էջում այսօր հայտնել էր իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը` նշելով, որ պրոդյուսերի ձերբակալման հետ կապված շատ մանրամասներ չգիտի։