Ընդդիմությունը սկսել է բողոքի ակցիաները Երևանի մատույցներից

Ավտոերթ. Արխիվային լուսանկար
Չնայած եղանակային անբարենպաստ պայմաններին, վաղ առավոտից սկսվեցին շարժման հայտարարած բողոքի գործողությունները։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 16 մայիսի – Sputnik. Ընդդիմադիր «Դիմադրություն» շարժումը վաղ առավոտից սկսել է քաղաքացիական անհնազանդության ակցիաները։
Ինչպես և նախատեսված էր, անհնազանդության ակցիաները սկսվեցին ավտոերթերով` մայրաքաղաք Երևան մտնող հիմնական մայրուղիներից` Աշտարակի, Արգավանդի, Արտաշատի, Սևանի և Արինբերդի ավտոճանապարհներից։
Այս պահին ավտոերթերի մասնակիցները շարժվում են դեպի Երևան` ժամանակ առ ժամանակ կանգ առնելով ու դժվարություններ ստեղծելով երթևեկության համար։
Նախօրեին շարժման առաջնորդներից մեկն ասել էր, որ առավոտյան ժամը 8-ից կստեղծվեն նաև առնվազն 80-100 խմբեր, որոնք կթողնեն իրենց առօրյա աշխատանքն ու դուրս կգան փողոց։
Երևանում ու նաև որոշ մարզերում արդեն շուրջ մեկ ամիս է, ինչ ընդդիմությունը հանրահավաքներ ու բողոքի տարբեր ակցիաներ է անցկացնում։
Այդ աթոռն այնքան եք արժեզրկել, որ մարդկանց պետք է աղաչեք, որ գան նստեն. Սերժ Սրապիոնյան
Հիշեցնենք` Հայաստանում բողոքի ալիք բարձրացավ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի` Արցախի վերաբերյալ հայտարարությունից հետո։ Ապրիլի 13-ին խորհրդարանում նա ափսոսանք հայտնեց, որ 2018-2019 թվականներին ժողովրդին չի ասել, որ «մեր բոլոր հեռու և մոտիկ բարեկամները մեզնից ակնկալում են, որ մենք այս կամ այն կոնֆիգուրացիայով Ադրբեջանին հանձնենք 7 հայտնի շրջանները և իջեցնենք Արցախի կարգավիճակի համար մեր սահմանած նշաձողը»։
Ապրիլի 22-ին ԱԺ փոխխոսնակ, «Հայաստան» խմբակցության անդամ Իշխան Սաղաթելյանը հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանին և նրա թիմին իշխանությունից հեռացնելու փողոցային պայքարի մեկնարկի մասին։
Մայիսի 1-ին Երևանի Ֆրանսիայի հրապարակում մեկնարկեց ընդդիմության բազմահազարանոց հանրահավաքը։ Մասնակիցները վրաններ ու բարիկադներ տեղադրեցին, Իշխան Սաղաթելյանը հայտարարեց, որ մայիսի 2-ից սկսում են անհնազանդության ակցիաներ՝ փակելով փողոցները։
Մայիսի 2-ից սկսած` ամեն օր Երևանում կազմակերպվում են անհնազանդության ակցիաներ, երթեր ու հանրահավաքներ։