ԵՐԵՎԱՆ, 16 մայիսի – Sputnik. Ոստիկանները փորձեցին կասեցնել «Դիմադրություն» շարժման մասնակիցների ավտոերթը Սևանի մայրուղուց և Հաղթանակի կամրջից դեպի Երևանի կենտրոն։
Ոստիկանների խոսքով` ավտոերթի մասնակիցները չափազանց դանդաղ են վարում և խոչընդոտում մեքենաների բնականոն ընթացքը, որի հետևանքով խցանումներ են առաջանում։ Իրավապահները սպառնացին տուգանել ավտոերթի մասնակիցներին։
«Ոստիկանությունը փորձում է սադրել մեզ, քանի որ մենք ոչ մի օրենք չենք խախտել։ Մեզ թույլ չեն տալիս շարունակել ավտոերթը։ Պարզ է, որ իշխանությունների հրահանգն են կատարում»,- ասաց ավտոերթի մասնակիցներից մեկը։
Ցուցարարների և ոստիկանների բանակցություններից հետո ավտոերթը շարունակվեց, բայց հետո ոստիկանները սկսեցին բերման ենթարկել մասնակիցներին։
Այսօր վաղ առավոտից նախատեսված անհնազանդության ակցիաները ժամը 08։00-ից մեկնարկել են Երևան մտնող հիմնական մայրուղիներից` Աշտարակի, Արգավանդի, Արտաշատի, Սևանի և Արինբերդի ավտոճանապարհներից։
Հիշեցնենք` Հայաստանում բողոքի ալիք բարձրացավ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի` Արցախի վերաբերյալ հայտարարությունից հետո։ Ապրիլի 13-ին խորհրդարանում նա ափսոսանք հայտնեց, որ 2018-2019 թվականներին ժողովրդին չի ասել, որ «մեր բոլոր հեռու և մոտիկ բարեկամները մեզնից ակնկալում են, որ մենք այս կամ այն կոնֆիգուրացիայով Ադրբեջանին հանձնենք 7 հայտնի շրջանները և իջեցնենք Արցախի կարգավիճակի համար մեր սահմանած նշաձողը»։
Ապրիլի 22-ին ԱԺ փոխխոսնակ, «Հայաստան» խմբակցության անդամ Իշխան Սաղաթելյանը հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանին և նրա թիմին իշխանությունից հեռացնելու փողոցային պայքարի մեկնարկի մասին։
Մայիսի 1-ին Երևանի Ֆրանսիայի հրապարակում մեկնարկեց ընդդիմության բազմահազարանոց հանրահավաքը։ Մասնակիցները վրաններ ու բարիկադներ տեղադրեցին, Իշխան Սաղաթելյանը հայտարարեց, որ մայիսի 2-ից սկսում են անհնազանդության ակցիաներ՝ փակելով փողոցները։
Մայիսի 2-ից սկսած` ամեն օր Երևանում կազմակերպվում են անհնազանդության ակցիաներ, երթեր ու հանրահավաքներ։