ԵՐԵՎԱՆ, 16 մայիսի – Sputnik. Փաստաբան Ամրամ Մակինյանը հայտնում է, որ ոստիկանության աշխատակիցները մի խումբ մարդկանց ավտոմեքենաները տեղափոխել են հատուկ պահպանվող տարածք և հրաժարվում են վերադարձնել:
«Կատարվածն առնվազն պաշտոնեական լիազորությունների չարաշահում է, որի վերաբերյալ քիչ անց կներկայացնեմ հանցագործության մասին հաղորդում, իսկ ապօրինի հրաման տված ղեկավարներին կպարզի քննիչը»,- գրել է Մակինյանը ֆեյսբուքյան իր էջում։
Նա նշել է նաև, որ ապօրինի հրաման կատարելը քրեական պատասխանատվությունից չի ազատում։
Հիշեցնենք, որ Երևան մտնող հիմնական մայրուղիներից ավտոերթերով մայրաքաղաք հասած ընդդիմադիրներից այսօր շուրջ 90-ը ժամը 13-ի դրությամբ ոստիկանությունում էին։ Նշենք, որ այսօր վաղ առավոտից` ժամը 08։00-ից, ավտոերթեր էին մեկնարկել Երևան մտնող հիմնական մայրուղիներից` Աշտարակի, Արգավանդի, Արտաշատի, Սևանի և Արինբերդի ավտոճանապարհներից։
Հայաստանում բողոքի ալիք բարձրացավ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի` Արցախի վերաբերյալ հայտարարությունից հետո։ Ապրիլի 13-ին խորհրդարանում նա ափսոսանք հայտնեց, որ 2018-2019 թվականներին ժողովրդին չի ասել, որ «մեր բոլոր հեռու և մոտիկ բարեկամները մեզնից ակնկալում են, որ մենք այս կամ այն կոնֆիգուրացիայով Ադրբեջանին հանձնենք 7 հայտնի շրջանները և իջեցնենք Արցախի կարգավիճակի համար մեր սահմանած նշաձողը»։
Ապրիլի 22-ին ԱԺ փոխխոսնակ, «Հայաստան» խմբակցության անդամ Իշխան Սաղաթելյանը հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանին և նրա թիմին իշխանությունից հեռացնելու փողոցային պայքարի մեկնարկի մասին։
Մայիսի 1-ին Երևանի Ֆրանսիայի հրապարակում մեկնարկեց ընդդիմության բազմահազարանոց հանրահավաքը։ Մասնակիցները վրաններ ու բարիկադներ տեղադրեցին, Իշխան Սաղաթելյանը հայտարարեց, որ մայիսի 2-ից սկսում են անհնազանդության ակցիաներ՝ փակելով փողոցները։
Մայիսի 2-ից սկսած` ամեն օր Երևանում կազմակերպվում են անհնազանդության ակցիաներ, երթեր ու հանրահավաքներ։