ԵՐԵՎԱՆ, 16 մայիսի – Sputnik. Ուկրաինայում հատուկ գործողությանը ՀԱՊԿ-ի մասնակցության հարցը կազմակերպության գագաթնաժողովում չի քննարկվել։ ՀԱՊԿ գագաթնաժողովի արդյունքներն ամփոփող ճեպազրույցի ժամանակ այս մասին ասել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասը:
Նրա խոսքով ՝ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը ՀԱՊԿ գործընկերներին մանրամասն տեղեկացրել է Ուկրաինայում հատուկ գործողության ընթացքը:
«Այդ հատուկ ռազմական գործողությանը ՀԱՊԿ-ի մասնակցության կամ միանալու հարց չի դրվել և չի քննարկվել»,–ասել է Զասը:
Հիշեցնենք, որ ՀԱՊԿ երկրների ղեկավարներն այսօր Մոսկվայում կայացած գագաթնաժողովում համատեղ հայտարարություն են ընդունել Հավաքական անվտանգության պայմանագրի 30-ամյակի և կազմակերպության 20-ամյակի կապակցությամբ:
Հիշեցնենք նաև, որ փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ հատուկ ռազմական գործողության մասին որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։
Ուկրաինայում մարտական գործողությունները շարունակվում են արդեն 82-րդ օրը։