ԵՐԵՎԱՆ, 16 մայիսի – Sputnik. Ռուս-ուկրաինական իրադարձությունների ընթացքում Ռուսաստանից նվազել են սեզոնային աշխատանքի մեկնողների դրամական փոխանցումները։
Այս մասին այսօր ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նիստում ասաց ՀՀ ԿԲ նախագահի տեղակալ Հովհաննես Խաչատրյանը։
Փոխարենը, նրա խոսքով, աճել են միջազգային այցելուների կողմից կատարվող փոխանցումները։
«Իրենք էլ են ինչ-որ ձևով փոխանցումներ կատարում դեպի ՀՀ` իրենք իրենց անունով, կամ այլ կերպ։ Գիտեք` այդպիսի ծառայություն կա, երբ մարդ իր անունով մի երկրից փոխանցում է կատարում ու այդ գումարն այստեղ ստանում է։ Գումարային իմաստով նման փոխանցումների աճ կա` 2021թ-ի համեմատ»,- ասաց Խաչատրյանը։
ԿԲ նախագահի տեղակալը շեշտեց, որ Հայաստանում գտնվող ՌԴ քաղաքացիները մեծ թիվ չեն կազմում, բայց նրանց փոխանցած գումարները բավական մեծ են և, հետևաբար, դրանք դրական են ազդել հայաստանյան տնտեսության դինամիկայի վրա։
Թե որքանով այս աճը կպահպանվի ու ինչ չափերի կհասնի առաջիկայում, ԿԲ-ը դեռ հստակ կանխատեսում չունի` կախված աշխարհաքաղաքական իրավիճակի անորոշությունից։
ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նիստում քննարկվում է ՀՀ Կենտրոնական բանկի գործունեության վերաբերյալ տարեկան հաղորդումը։