Դատե՛ք ինքներդ։ Վերջին տարիներին քաղաքացիների եկամուտները կրճատվել են 90 տոկոսով, բնակչության կեսից ավելին հայտնվել է աղքատության շեմից անդին, միջին ամսական աշխատավարձը կազմում է 70 դոլար, խանութներում չկա մթերք, իսկ ավտոլցկայաններում՝ բենզին։
Լույսն անջատում են թե՛ ցերեկը, թե՛ գիշերը։ Մեկ շնչին ընկնող եկամուտը, որը դեռ 4 տարի առաջ երկու անգամ ավելին էր, քան Հայաստանում, այժմ մերից երկու անգամ փոքր է։ Համաձայնեք` ծանոթ պատկեր է։
Ու բոլորովին զարմանալի չէ, որ, ինչպես 90-ականների Հայաստանում, այստեղից էլ մարդիկ զանգվածաբար արտագաղթում են։ Սոցիոլոգիական տվյալների համաձայն՝ արդեն պատրաստվում կամ ցանկանում է լքել երկիրը երիտասարդների երեք-քառորդը՝ 77 տոկոսը։ Պատկերացրեք՝ նույնիսկ Սիրիայում, որտեղ պատերազմը փաստորեն շարունակվում է, արտասահման է ուզում մեկնել երիտասարդների մոտ կեսը։ Ընդ որում, Լիբանանից արտագաղթում են հիմնականում բարձրակարգ մասնագետները, ծրագրավորները, բժիշկները, ուսուցիչները, դիզայներները։ Ո՞ւր են գնում. Պարսից ծոցի երկրներ, Կիպրոս ու Եվրոպա։
ԲիԲիՍի-ի վկայությամբ` վերջին երկու-երեք տարիների ընթացքում միջին խավը ընդհանրապես վերացել է, աղքատները դարձել են ծայրահեղ աղքատ, շատերը գոյատևում են միայն արտերկրից ստացած գումարների շնորհիվ։ Հանրային քաղաքականության Երուսաղեմի կենտրոնի փորձագետ Ժակ Ներիան փաստում է. «Եթե լիբանանցիների 15-միլիոնանոց սփյուռքը փող չուղարկեր տուն, Լիբանանը պարզապես չէր կարող գոյություն ունենալ»։ Ի դեպ, երկրի փլուզման մասին պնդումները չափազանցված չեն։ Երկու տարի առաջ Լիբանանը չկարողացավ վճարել հսկայական պարտքը և դեֆոլտ հայտարարեց։
Քաղաքագետները համոզված են՝ դժվար թե կիրակնօրյա խորհրդարանական ընտրություններից հետո Լիբանանում որևէ բան էապես փոխվի։ Որքան էլ անհավանական է, Լիբանանում գրեթե կրկնվեց հայաստանյան ֆենոմենը։ Ինչպես մեզ մոտ առաջին հայացքից տարօրինակ բան տեղի ունեցավ, և կրկին հաղթեց այն ուժը, որը, թվում էր, հաղթելու բացարձակ որևէ շանս չուներ, քանզի նրա օրոք Հայաստանը ջախջախիչ պարտություն կրեց, այնպես էլ Լիբանանում հաջողություն ունեցավ «Հզբոլա շարժումը»՝ այն ուժը, որի օրոք Լիբանանն ընկղմվեց պերմանենտ քաոսի մեջ։
Ճիշտ է, արդար ընտրություններին լիբանանցիները վաղուց արդեն չեն հավատում։ Գլխավոր կասկածը սա է՝ քաղաքական ուժերը պարզապես շատ հեշտությամբ գնում են ձայները, որովհետև համատարած աղքատության պայմաններում դա անելը դժվարություն չի ներկայացնում՝ թե՛ քվեի դիմաց փող տվողը, թե՛ ստացողը այդ գործարքն ընկալում են որպես, այսպես ասած, «սոցիալական օգնություն», այն էլ՝ էական օգնություն. եթե Հայաստանում ավանդաբար խոսում էին 5 հազար դրամ ընտրակաշառքի մասին, ապա Լիբանանում սակագները շատ ավելին են, որոշ տվյալներով` հասնում են 1000 դոլարի։ Ինչ ուզում եք, ասեք. երբ աշխատավարձդ հազիվ 70 դոլար է, 1000 դոլարը բավական գայթակղիչ գումար է՝ մի տարվա փող։
Լիբանանցիներն, իհարկե, բողոքում են՝ մարդաշատ հանրահավաքներ են կազմակերպում։ Բայց, ինչպես և Հայաստանում, առայժմ արդյունք չկա։ Պատճառները մեզ լավ ծանոթ են։ Առաջին՝ չկա վառ արտահայտված լիդեր, որն իր հետևից կտաներ էլեկտորատը։
Երկրորդ, որքան էլ ընդդիմությունը պնդի, թե իշխանություններին որևէ մեկը չի հավանում, իրականում հանրության մի մասը այս կամ այն չափով աջակցում է իշխողներին։
Երկրորդ, որքան էլ ընդդիմությունը պնդի, թե իշխանություններին որևէ մեկը չի հավանում, իրականում հանրության մի մասը այս կամ այն չափով աջակցում է իշխողներին։
Շատ խորհրդանշական օրինակ՝ իշխանության ջերմ կողմնակից Իբրահիմն ասում է. «Ցուրտ կլինի՝ տաք կհագնվենք, հոսանք չի լինի՝ մոմ կվառենք, բայց մեր իշխանությանը կվերընտրենք»։ Եվ վերջապես, բավական թիվ են կազմում մարդիկ, որոնք ճիշտ հայաստանցիների նման պարզապես չեն հավատում, որ իշխանափոխությունը կբարելավի իրենց կյանքը։ «Իշխող ուժն ուղղակի այլընտրանք չունի, այդ ուժը դա հիանալի գիտի և օգտվում է դրանից»,- Չաթեմ հաուս կենտրոնի Մերձավորարևելյան հետազոտությունների ծրագրի տնօրեն Լինա Խաթիբին մեջբերում է «Ֆայնենշլ թայմսը». «Իշխող ուժն ուղղակի այլընտրանք չունի, այդ ուժը դա հիանալի գիտի և օգտվում է դրանից»։
Բոլոր դեպքերում, այս ընտրությունների արդյունքում Լիբանանի խորհրդարանում նոր դեմքեր կհայտնվեն, ինչն արդեն կարելի է հաղթանակ համարել, բայց արդյոք հնարավո՞ր է կոտրել գործող համակարգը։ Ակտիվիստ Լինա Բուբեսը ժպտում է. «Իհարկե, հնարավոր է, միայն թե՝ ես դա չեմ տեսնի»։