ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցությունը վնաս կհասցնի Եվրոպայի անվտանգությանը. Ռուսաստանի ԱԳՆ

Ռուսաստանի արտաքին քաղաքական գերատեսչությունում նշել են, որ Շվեդիայի` ՆԱՏՕ-ին անդամակցությունը կհանգեցնի արտաքին քաղաքական որոշումների ընդունման հարցում ինքնիշխանության կորստի։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 16 մայիսի – Sputnik. Շվեդիայի անդամակցությունը ՆԱՏՕ-ին` էական վնաս կհասցնի Հյուսիսային Եվրոպայի և ընդհանրապես եվրոպական մայրցամաքի անվտանգությանը։ Այս մասին ասվում է Ռուսաստանի ԱԳՆ–ի հայտարարության մեջ։
Ժոզեպ Բորելը ողջունել է ՆԱՏՕ-ին միանալու՝ Շվեդիայի և Ֆինլանդիայի մտադրությունը
Մայիսի 16-ին Շվեդիայի կառավարությունը որոշում է ընդունել ՆԱՏՕ-ին անդամակցության հայտ ուղարկելու մասին:
«Ռուսական կողմը բազմիցս հայտարարել է, որ ազգային անվտանգության ապահովման ուղիների ընտրությունը ցանկացած երկրի ներքին գործն է։ Ստոկհոլմի արտաքին քաղաքական կուրսը, որի հիմքում ընկած էր շվեդական չեզոքության ավելի քան 200-ամյա ավանդույթը, տասնամյակներ շարունակ Բալթիկ ծովի տարածաշրջանում կայունության և վստահության պահպանման կարևոր գործոն է եղել: ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցությունն էական վնաս կհասցնի Հյուսիսային Եվրոպայի և ընդհանրապես եվրոպական մայրցամաքի անվտանգությանը»,-ասված է հայտարարության մեջ:
Ռուսաստանի արտաքին քաղաքական գերատեսչությունում նշել են նաև, որ «ՆԱՏՕ-ին անդամակցությունը չի բարձրացնի Շվեդիայի անվտանգության մակարդակը (թեկուզ այն պատճառով, որ երկրին ոչ ոք չի սպառնում), բայց, անկասկած, կհանգեցնի արտաքին քաղաքական որոշումների ընդունման հարցում ինքնիշխանության կորստի»:
Հիշեցնենք, որ Ֆինլանդիան ու Շվեդիան Ուկրաինայում ռուսական ռազմական գործողության ֆոնին հայտարարել են երկարամյա չեզոքությունից հրաժարվելու և ՆԱՏՕ-ին անդամակցելու հնարավորության մասին:
ՌԴ–ն Շվեդիային և Ֆինլանդիային է փոխանցել իր դիրքորոշումը ՆԱՏՕ–ին անդամակցելու վերաբերյալ
Ռուսաստանում բազմիցս նշել են, որ ՆԱՏՕ-ն հակված է առճակատման։ ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովն ասել է, որ դաշինքի հետագա ընդլայնումը Եվրոպային ավելի մեծ անվտանգություն չի բերի, և որ ՆԱՏՕ-ն ագրեսիվ բնույթ ունի: Ընդ որում, նա նշել է, որ ՆԱՏՕ-ին Շվեդիայի ու Ֆինլանդիայի հնարավոր անդամակցությունը Ռուսաստանի համար գոյաբանական սպառնալիք չի համարում: