ԵՐԵՎԱՆ, 16 մայիսի – Sputnik. Խաղաղ ավտոերթին հեծանվով մասնակցած Գեորգի Արիստակեսյանը` նույն ինքը «Ժորա պապին», որը արցախյան երեք պատերազմների մասնակից է, ձերբակալվել է։ Տեղեկությունն իր ֆեյսբուքյան էջում հայտնել է փաստաբան Միքայել Շխիմյանը։
«Եղելությունը հստակ ֆիքսվել է տեսախցիկների կողմից, Արիստակեսյանի դեմքին և մարմնի այլ հատվածներում առկա են մարմնական վնասվածքներ։ Մանրամասները ընթացքում կհայտնենք»,- գրել է փաստաբանը։
Նշենք, որ Գեորգի Արիստակեսյանը ՀՅԴ Աջափնյակի կոմիտեության անդամ է, պահեստազորի ավագ լեյտենանտ։ Նա այսօր հեծանվով մասնակցում էր ավտոերթին։
Հիշեցնենք, որ Երևան մտնող հիմնական մայրուղիներից ավտոերթերով մայրաքաղաք հասած ընդդիմադիրներից այսօր շուրջ 90-ը ժամը 13։00-ի դրությամբ ոստիկանությունում էին։ Նշենք, որ այսօր վաղ առավոտից` ժամը 08։00-ից, ավտոերթեր էին մեկնարկել Երևան մտնող հիմնական մայրուղիներից` Աշտարակի, Արգավանդի, Արտաշատի, Սևանի և Արինբերդի ավտոճանապարհներից։