ԵՐԵՎԱՆ, 16 մայիսի – Sputnik. Արցախի Հանրապետության դատախազությունը մեկնաբանել է, թե ինչ պատճառներով չի կալանավորվել Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում հնչած կրակոցների դեպքով ձերբակալված, Արցախի պաշտպանության նախկին փոխնախարար, գենել–մայոր Սամվել Կարապետյանը (գեներալ Օգանովսկի)։
«Կալանքը որպես խափանման միջոց ընտրելու միջնորդություն դատարան չէր ներկայացվել՝ հաշվի առնելով, որ մեղադրյալն իր ցուցմունքներով ամբողջությամբ ներկայացրել էր դեպքի հանգամանքները, տուժողներն ու վկաները հարցաքննվել էին, առգրավվել էին դեպքի վայրի տեսագրությունները: Հաշվի էր առնվել նաև մեղադրյալի տարիքը, «Արցախի հերոս», «Մարտական խաչ» 1-ին աստիճանի և «Ոսկե արծիվ» շքանշանակիր լինելը»,– «Արցախպրես»–ին տված հարցազրույցում նշել է ԱՀ դատախազության հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Կիմ Գաբրիելյանը։
Գաբրիելյանը շեշտել է` մինչ այդ, երբ Ստեփանակերտի կենտրոնական փողոցներից մեկում քաղաքացու կողմից ինքնաձիգից բազմաթիվ կրակոցներ արձակելու դեպքով ևս մեղադրյալը չէր կալանավորվել, ոչ ոքի մոտ նման հարց չէր առաջացել։
Նա ընդգծել է նաև, որ վերջերս դատարանը մերժել էր երկու անձանց սպանության պարտակման մեջ մեղադրվող, ինչպես նաև դանակի ութ հարվածով մեկ ուրիշի առողջությանը ծանր վնաս հասցրած անձանց կալանավորելու քննիչի միջնորդությունները։
Կիմ Գաբրիելյանը նշել է, որ կալանքը հանդիսանում է ծայրահեղ խափանման միջոց և կարող է կիրառվել միայն այն դեպքերում, երբ խափանման միջոցներն ի զորու չեն ապահովելու մեղադրյալի պատշաճ վարքագիծը։
Հիշեցնենք` Ստեփանակերտ քաղաքի Վերածննդի հրապարակում մայիսի 10-ին, ժամը 19։10-ի սահմաններում կրակոցներ են հնչել։ Դեպքի առթիվ ԱՀ քննչական կոմիտեում քրեական գործ էր հարուցվել ԱՀ քրեական օրենսգրքի 269-րդ հոդվածի 4-րդ մասով (խուլիգանություն, որը կատարվել է զենքի կամ որպես զենք օգտագործվող առարկաների գործադրմամբ) և 245-րդ հոդվածի 1-ին մասով (ապօրինի կերպով հրազեն ձեռք բերելը, պահելը, փոխադրելը կամ կրելը) նախատեսված հանցանքների հատկանիշներով: Մայիսի 13-ին գեներալ–մայոր Սամվել Կարապետյանին մեղադրանք է առաջադրվել։
Քրեական գործի նախաքննության ընթացքում կատարվել են խուզարկություններ, առգրավումներ, հարցաքննություններ, նշանակվել են մի շարք փորձաքննություններ: