ՀՀ-ն ու ԵՄ-ն կքննարկեն վիզաների ազատականացման շուրջ երկխոսություն սկսելու հեռանկարները

Եվրամիության դրոշ
Մայիսի 18-ին Բրյուսելում տեղի կունենա Հայաստան-Եվրոպական միություն գործընկերության խորհրդի նիստը։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 16 մայիսի – Sputnik. Երևանն ու Բրյուսելը կքննարկեն վիզաների ազատականացման շուրջ երկխոսություն սկսելու հեռանկարները։ Քննարկումը տեղի կունենա Հայաստան-Եվրոպական միություն գործընկերության խորհրդի չորրորդ հանդիպմանը։ Տեղեկությունը հրապարակվել է Եվրամիության կայքում։
Մայիսի 18–ին կայանալիք հանդիպմանը նաև քաղաքական հարցեր կքննարկվեն։ Զրուցակիցները մտքեր կփոխանակեն Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի իրականացման, ինչպես նաև տնտեսական և ներդրումային համագործակցության շուրջ։
Կանդրադառնան ժողովրդավարությանը, օրենքի գերակայությանն ու մարդու իրավունքներին, առևտրատնտեսական համագործակցությանը վերաբերող հարցերին։ Մասնակիցները մտքեր կփոխանակեն ղարաբաղյան հիմնախնդրի և տարածաշրջանային հարցերի շուրջ
Հայաստանի և ԵՄ-ի միջև Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրը ստորագրվել է 2017 թվականի նոյեմբերի 24-ին Բրյուսելում։ Համաձայնագիրն ուժի մեջ է մտել 2021 թվականի մարտի 1-ից։ Գործընկերության խորհրդի վերջին (երրորդ) նիստը տեղի է ունեցել 2020 թվականի դեկտեմբերի 17-ին։