Հանրային սննդի օբյեկտներում ծխելու արգելքը չի հանվում. նախարարությունը հերքում է լուրերը

Առողջապահության նախարարությունը հայտնում է, որ վերահսկողությունը վերապահված է ոստիկանությանը։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 16 մայիսի – Sputnik. Առողջապահության նախարարությունը պաշտոնապես հերքում է համացանցում տարածվող լուրերը, թե հանրային սննդի օբյեկտներում (այդ թվում` բացօթյա) ծխելու արգելքը հանվելու է:
«Առողջապահության նախարարությունը հայտարարում է, որ նման քննարկում չկա, օրենքը շարունակում է ուժի մեջ մնալ»,–ասվում է գերատեսչության կայքում հրապարակված հաղորդագրության մեջ։
Առողջապահության նախարարությունը հանրային սննդի օբյեկտներում ծխախոտի օգտագործման վերաբերյալ ահազանգող քաղաքացիներին հայտնում է, որ համաձայն «Ծխախոտային արտադրատեսակների և դրանց փոխարինիչների օգտագործման հետևանքով առողջությանը հասցվող վնասի նվազեցման և կանխարգելման մասին» օրենքի` ծխախոտային արտադրատեսակների, դրանց փոխարինիչների օգտագործումը հանրային սննդի օբյեկտներում (այդ թվում՝ բացօթյա) արգելվում է:
Իսկ նշված դրույթի նկատմամբ վերահսկողությունը վերապահված է ոստիկանությանը` համաձայն վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի: Ուստի, նման խախտում հայտնաբերելու դեպքում անհրաժեշտ է դիմել ոստիկանություն (ոստիկանության թեժ գիծ՝ 102)։
Հիշեցնենք` 2022 թվականի հունվարի 1-ից ուժի մեջ են մտել դեռևս 2020 թվականի փետրվարի 13-ին ընդունված ծխախոտային արտադրատեսակների և դրանց փոխարինիչների օգտագործման հետևանքով առողջությանը հասցվող վնասի նվազեցման և կանխարգելման մասին օրենքի մի շարք դրույթներ:
2022 թվականի մարտի 15-ից էլ ուժի մեջ են մտել նաև հանրային սննդի օբյեկտներում (փակ և բաց) բոլոր տեսակի ծխախոտային արտադրատեսակների օգտագործման արգելքի դրույթները։
Ըստ այդմ` արգելված է ծխախոտային որևէ արտադրատեսակի՝ ավանդական ծխախոտի, էլեկտրոնային (տաքացվող) ծխախոտի, հեղուկների հիմքի վրա նիկոտինային արտադրատեսակի (վեյպ), նիկոտինի մատակարարման էլեկտրոնային սարքերի հրապարակային ցուցադրությունը վաճառքի կետերում և հանրային սննդի օբյեկտներում, ինչպես նաև արգելվում է դրանց ապրանքային նշանների կամ խորհրդանիշների՝ սպառողի համար տեսանելի վայրում տեղադրումը։
Մի՛ բողոքեք հակածխախոտային խստացումից. ծխախոտ տարածողներին ժամանակին մահապատժի են ենթարկել