Հայտնի են դպրոցներում ավարտական քննությունների օրերը

Ժաննա Անդրեասյանն ընդգծեց, որ ակնկալվում է 2021-2022 թթ. ուսումնական տարում շուրջ 21 հազար 12-րդ դասարանի շրջանավարտ ունենալ։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 16 մայիսի – Sputnik. Հայաստանում հնգօրյա աշխատանքային ռեժիմով գործող ուսումնական հաստատություններում 2021-2022 թթ. ուսումնական տարվա ավարտը նախատեսվում է հունիսի 3-ին։
Այս մասին մամուլի ասուլիսի ժամանակ ասաց ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանը։
«Հունիսի 6-ին էլ կլինի 6-օրյա աշխատանքային ռեժիմով գործող ուսումնական հաստատություններինը։ Այդ օրերին կլինեն վերջին դասի արարողությունները։ Ակնկալվում է այս տարի 12-րդ դասարանի շուրջ 21 հազար շրջանավարտ ունենալ, իսկ 9-րդ դասարանը կավարտի 34 հազար 500-ից մի փոքր ավելի երեխա»,– նշեց Անդրեասյանը։
Նրա խոսքով` հայտնի են նաև 4-րդ դասարանցիների գիտելիքների ստուգման օրերը։ Հունիսի 10-ին և 13-ին լինելու են «Մայրենիի» և «Մաթեմատիկայի» գրավոր աշխատանքները, իսկ ազգային փոքրամասնությունների համար քննաշրջանի ընթացքում կանցկացվեն «Ռուսաց լեզվի» և «Մայրենի լեզու և գրականություն» առարկաների քննությունները։
9-րդ դասարանցիների համար ավարտական քննությունների օրերը նույնպես հայտնի են։
«Այս տարի մենք ունենք 2 կենտրոնացված քննություն` «Հայոց լեզու» (հունիսի 28-ին) և «Մաթեմատիկա» (հունիսի 30-ին)։ Հունիսի 8-ից սկսվում են նաև մնացած առարկաների քննությունները, որոնք կազմակերպվելու են հենց դպրոցներում։ Հայտնի են նաև 12-րդ դասարանում ավարտական քննությունների օրերը` «Հայոց լեզու և գրականություն» առարկան կլինի հունիսի 8-ին, «Հայոց պատմությունը» հունիսի 15-ին, իսկ «Մաթեմատիկան»՝ հունիսի 22-ին»,– տեղեկացրեց Անդրեասյանը։
Նա նշեց` առաջիկայում կհրապարակվեն նաև միասնական քննությունների օրերը։