Հայաստանում հրամանատարաշտաբային զորավարժություն կանցկացվի

Զորավարժարաններից մեկում իրականացվելու է մարտական հրաձգությամբ բրիգադային մարտավարական զորավարժություն:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 16 մայիսի - Sputnik. Մայիսի 17-ից 21-ը, ԶՈւ գլխավոր շտաբի պետի պարտականությունների ժամանակավոր կատարող, գեներալ-լեյտենանտ Կամո Քոչունցի ղեկավարությամբ, անցկացվելու է հրամանատարաշտաբային զորավարժություն՝ պայմանական հակառակորդի ագրեսիայի սպառնալիքի պայմաններում առկա ուժերով և միջոցներով պաշտպանողական օպերացիայի նախապատրաստման ու վարման թեմայով։
Տեղեկությունը հայտնում են ՀՀ պաշտպանության նախարարությունից։
Հրամանատարաշտաբային զորավարժության շրջանակներում N զորամիավորման զորավարժարաններից մեկում իրականացվելու է մարտական հրաձգությամբ բրիգադային մարտավարական զորավարժություն: Մարտական պատրաստականության բարձր աստիճանի պայմաններում զորամիավորման անձնակազմը դուրս է բերվելու նախորոշված շրջաններ։
Խաղարկվող մարտավարական դրվագների ընթացքում ստուգվելու են հրամանատարական կազմի՝ մարտավարական զորավարժության նախապատրաստման և անցկացման, գործողությունների պլանավորման և ղեկավարման կարողությունները։