ԵՐԵՎԱՆ, 16 մայիսի – Sputnik. ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը բանակցություններ է վարում ռուսական և բելառուսական կալիումային պարարտանյութերը համաշխարհային շուկաներ վերադարձնելու շուրջ՝ ուկրաինական նավահանգիստներից հացահատիկի արտահանումը վերսկսելու դիմաց, հաղորդում է Wall Street Journal թերթը՝ հղում անելով իր դիվանագիտական աղբյուրներին:
Պարբերականի տվյալներով՝ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը Մոսկվային խնդրում է չխոչընդոտել Ուկրաինայի սևծովյան նավահանգիստներից հացահատիկի բեռների դուրսբերմանը, փոխարենը խոստանում է աջակցել այն պատժամիջոցների մեղմացմանը, որոնք ուղղված են ՌԴ-ից և Բելառուսից արտահանվող պարարտանյութերի դեմ:
Թերթը գրում է, որ Թուրքիան պատրաստակամություն է հայտնել մասնակցել պայմանավորվածություններին, այդ թվում` իր վրա վերցնել ծովային ականների որոնման և չեզոքացման և հացահատիկ տանող նավերի կառավարման խնդիրը:
Նախորդ շաբաթ Գուտերեշը հայտնել էր, որ փորձում է աջակցել համաշխարհային շուկայում ինչպես ռուսական և բելառուսական արտադրանքի ու պարարտանյութերի, այնպես էլ Ուկրաինայի գյուղատնտեսական արտադրության վերաինտեգրման շուրջ երկխոսությանը։
Հիշեցնենք` փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ հատուկ ռազմական գործողության մասին որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։
Փետրվարի 21-ից ի վեր, երբ Վլադիմիր Պուտինը հայտարարեց ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն ճանաչելու որոշման մասին, ԱՄՆ-ն, Եվրամիությունն ու Արևմուտքի շատ երկրներ պատժամիջոցների շարք սկսեցին Ռուսաստանի դեմ։ Պատժամիջոցներն առնչվում են բանկային ոլորտին, ավիացիային, տնտեսության տարբեր ճյուղերին, կապի ոլորտին և անգամ մշակույթին ու սպորտին։
Ուկրաինայում մարտական գործողությունները շարունակվում են արդեն 82-րդ օրը։