ԵՐԵՎԱՆ, 16 մայիսի – Sputnik. ԵՄ երկրների արտգործնախարարները չեն կարողացել համաձայնեցնել Ռուսաստանի դեմ պատժամիջոցների վեցերորդ փաթեթը. միության երկրները կշարունակեն քննարկումները։ Այս մասին հայտարարել է եվրոպական դիվանագիտության ղեկավար Ժոզեպ Բորելը։
«Մենք քննարկել ենք Ռուսաստանի դեմ պատժամիջոցները։ Մենք շարունակում ենք քննարկումները... Այսօր որոշում կայացնել հնարավոր չեղավ»,-ասել է նա։
Բորելի խոսքով՝ պատժամիջոցների վեցերորդ փաթեթի շուրջ քննարկումները կշարունակվեն ԵՄ երկրների մշտական ներկայացուցիչների մակարդակով:
Հիշեցնենք` փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ հատուկ ռազմական գործողության մասին որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։
Փետրվարի 21-ից ի վեր, երբ Վլադիմիր Պուտինը հայտարարեց ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն ճանաչելու որոշման մասին, ԱՄՆ-ն, Եվրամիությունն ու Արևմուտքի շատ երկրներ պատժամիջոցների շարք սկսեցին Ռուսաստանի դեմ։ Պատժամիջոցներն առնչվում են բանկային ոլորտին, ավիացիային, տնտեսության տարբեր ճյուղերին, կապի ոլորտին և անգամ մշակույթին ու սպորտին։
Ուկրաինայում մարտական գործողությունները շարունակվում են արդեն 82-րդ օրը։