Ձերբակալվել են «Հայրենիք» կուսակցության գլխավոր քարտուղար Խաչիկ Գալստյանը և այլ անդամներ

«Դիմադրություն» շարժման անդամներից 32-ը բերման է ենթարկվել ոստիկանություն։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 16 մայիսի – Sputnik. ՀՀ տարբեր մարզերից ավտոերթերով Երևան հասած «Դիմադրություն» շարժման անդամներից ձերբակալվել են «Հայրենիք» կուսակցության գլխավոր քարտուղար Խաչիկ Գալստյանը և կուսակցության այլ անդամներ։ Տեղեկությունը հայտնել է «Հայրենիք» կուսակցության անդամ Արսեն Բաբայանը։

ՀՀ ոստիկանությունից Sputnik Արմենիային հայտնեցին, որ այսօր ժամը 12.00-ի դրությամբ ավտոերթերով Երևան հասած «Դիմադրություն» շարժման անդամներից 32-ը բերման է ենթարկվել ոստիկանություն։

Նրանք ոստիկանությունում են «ոստիկանության օրինական պահանջը չկատարելու» հոդվածով (ՎԻՎՕ, 182-րդ հոդված)։
Նշենք, որ այսօր վաղ առավոտից` ժամը 08։00-ից, նախատեսված անհնազանդության ակցիաները մեկնարկել են Երևան մտնող հիմնական մայրուղիներից` Աշտարակի, Արգավանդի, Արտաշատի, Սևանի և Արինբերդի ավտոճանապարհներից։
Նախօրեին շարժման առաջնորդներից մեկն ասել էր, որ առավոտյան ժամը 8-ից կստեղծվեն նաև առնվազն 80-100 խմբեր, որոնք կթողնեն իրենց առօրյա աշխատանքն ու դուրս կգան փողոց։
Հիշեցնենք` Հայաստանում բողոքի ալիք բարձրացավ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի` Արցախի վերաբերյալ հայտարարությունից հետո։ Ապրիլի 13-ին խորհրդարանում նա ափսոսանք հայտնեց, որ 2018-2019 թվականներին ժողովրդին չի ասել, որ «մեր բոլոր հեռու և մոտիկ բարեկամները մեզնից ակնկալում են, որ մենք այս կամ այն կոնֆիգուրացիայով Ադրբեջանին հանձնենք 7 հայտնի շրջանները և իջեցնենք Արցախի կարգավիճակի համար մեր սահմանած նշաձողը»։
Ապրիլի 22-ին ԱԺ փոխխոսնակ, «Հայաստան» խմբակցության անդամ Իշխան Սաղաթելյանը հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանին և նրա թիմին իշխանությունից հեռացնելու փողոցային պայքարի մեկնարկի մասին։
Մայիսի 1-ին Երևանի Ֆրանսիայի հրապարակում մեկնարկեց ընդդիմության բազմահազարանոց հանրահավաքը։ Մասնակիցները վրաններ ու բարիկադներ տեղադրեցին, Իշխան Սաղաթելյանը հայտարարեց, որ մայիսի 2-ից սկսում են անհնազանդության ակցիաներ՝ փակելով փողոցները։
Մայիսի 2-ից սկսած` ամեն օր Երևանում կազմակերպվում են անհնազանդության ակցիաներ, երթեր ու հանրահավաքներ։