Հայաստանն ու Եգիպտոսն իրավապահ ոլորտում համագործակցության հուշագիր կստորագրեն

Արթուր Դավթյան. Արխիվային լուսանկար
ՀՀ գլխավոր դատախազի այցի ընթացքում տարբեր հանդիպումներ են նախատեսվում։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 16 մայիսի – Sputnik. ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը քառօրյա աշխատանքային այցով մեկնել է Եգիպտոսի Արաբական Հանրապետություն: Տեղեկությունը հայտնում է ՀՀ դատախազության հանրային կապերի բաժինը։
Այցի շրջանակում նախատեսված են հանդիպումներ, մասնավորապես, Եգիպտոսի Արաբական Հանրապետության գլխավոր դատախազի, վարչական վերահսկողության ծառայության ղեկավարի հետ:
«Նախատեսված է ՀՀ և ԵԱՀ գլխավոր դատախազների հանդիպման արդյունքներով պայմանավորված՝ ՀՀ և ԵԱՀ գլխավոր դատախազությունների միջև փոխըմբռնման հուշագրի ստորագրում»,– նշված է հաղորդագրության մեջ:
Այցի օրակարգում, Հայաստանի և Եգիպտոսի միջև իրավական ոլորտում հարաբերություններին նոր շունչ հաղորդելն է՝ հիմնված 2007թ. ապրիլի 15-ին Կահիրեում ստորագրված երկու երկրների միջև քրեական գործերով իրավական փոխադարձ օգնության և հանձնման մասին համաձայնագրերի վրա, այդ համատեքստում՝ նաև դատախազական կառույցների միջև գործակցության խթանումը:
Նշենք, որ Կահիրե այց կատարելու հրավերը Արթուր Դավթյանը ԵԱՀ գլխավոր դատախազից ստացել է 2021թ. դեկտեմբերին Շարմ Էլ Շեյխ քաղաքում կայացած Կոռուպցիայի դեմ պայքարի կոնվենցիայի (UNCAC) անդամ երկրների համաժողովի 9-րդ նստաշրջանին մասնակցության շրջանակում: