Ամբողջ քաղաքը պետք է պարալիզացվի. Սաղաթելյանը ներկայացրեց մայիսի 17–ի ծրագրերը

Լևոն Քոչարյանը հորդորում է քաղաքացիներին ոստիկաններին չվիրավորել։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 16 մայիսի – Sputnik. Վաղն առավոտյան 8։00-ից մայրաքաղաքի բոլոր հատվածներում սկսելու են անհնազանդության բողոքի զանգվածային խաղաղ ակցիաներ անել։ Ֆեյսբուքյան ուղիղ եթերի ժամանակ այս մասին հայտնեց «Դիմադրություն» շարժման անդամ Իշխան Սաղաթելյանը։
«Փակելու ենք փողոցներ, կասեցնելու երթևեկությունը։ Ամբողջ քաղաքը պետք է պարալիզացվի։ Իսկ երեկոյան ժամը 19։00-ին Ֆրանսիայի հրապարակում հանրահավաք կլինի»,–ասաց Սաղաթելյանը։
Նա հորդորեց վեճի չբռնվել քաղաքացիների կամ էլ սադրիչների հետ։
ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի որդին` Լևոն Քոչարյանը, իր հերթին ֆեյսբուքյան ուղիղ եթերի ժամանակ նշեց, որ առաջին հերթին պետք չէ ոստիկանների հետ բախումների մեջ մտնել, պետք է անձնական վիրավորանքներ չհնչեցնել և ձերբակալման իրավական հիմք չտալ ոստիկաններին։ Նա նշեց նաև, որ վաղը կարևոր օր է։
Հիշեցնենք` Հայաստանում բողոքի ալիք բարձրացավ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի` Արցախի վերաբերյալ հայտարարությունից հետո։
Ապրիլի 22-ին ԱԺ փոխխոսնակ, «Հայաստան» խմբակցության անդամ Իշխան Սաղաթելյանը հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանին և նրա թիմին իշխանությունից հեռացնելու փողոցային պայքարի մեկնարկի մասին։
Մայիսի 1-ին Երևանի Ֆրանսիայի հրապարակում մեկնարկեց ընդդիմության բազմահազարանոց հանրահավաքը։ Մասնակիցները վրաններ ու բարիկադներ տեղադրեցին, Իշխան Սաղաթելյանը հայտարարեց, որ մայիսի 2-ից սկսում են անհնազանդության ակցիաներ՝ փակելով փողոցները։
Մայիսի 2-ից սկսած` ամեն օր Երևանում կազմակերպվում են անհնազանդության ակցիաներ, երթեր ու հանրահավաքներ։