Ադրբեջանն ուզում է վերահսկել ՀՀ ռազմավարական ենթակառուցվածքները. Թաթոյան

Արման Թաթոյան
Ադրբեջանը նույն քաղաքականությունը շարունակել և շարունակում է արդեն հայկական նոր տարածքների նկատմամբ։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 16 մայիսի – Sputnik. Ադրբեջանը միշտ հավակնություններ է ունեցել Հայաստանի այն տարածքների նկատմամբ, որոնք կարող են Հայաստանի տարածքի մեջ սեպի նման խրվել, որպեսզի Ադրբեջանը հայկական ճանապարհների ու ռազմավարական ենթակառուցվածքների նկատմամբ վերահսկողություն ունենա։ Ֆեյսբուքյան իր էջում այս մասին գրել է ՀՀ մարդու իրավունքների նախկին պաշտպան Արման Թաթոյանը։
Նրա խոսքով` Ադրբեջանը նույն քաղաքականությունը շարունակել և շարունակում է արդեն նոր տարածքների նկատմամբ: Թաթոյանը նաև օրինակ է բերել պատմությունից։
1918-1920թթ. Առաջին հանրապետության կազմում, իսկ հետո էլ մինչև 1924թ. Խորհրդային Հայաստանի կազմում է եղել հայկական Բարանա (ներկայում՝ Նոյեմբերյան, Տավուշի մարզ) և ադրբեջանական Ղայմախլի (Ղայմախլու) գյուղերի միջև գտնվող 1002 դեսյատին տարածքով «Աջի» տեղամասը:
Թաթոյանն ընդգծել է, որ այս վայրի անտառները եղել են զգալի ծառաշատ, իսկ արոտավայրերը` անասնապահության համար չափազանց հարմար, ուստի գյուղացիների համար ունեցել են կենսական կարևորություն: Ունեցել են անվտանգության ռազմավարական նշանակություն:
«Ադրբեջանական իշխանություններն այդ ժամանակ մեծ ջանքեր են գործադրել այս տարածքին տիրելու համար՝ գիտակցելով, որ այդ դեպքում հնարավորություն կունենան Հայաստանի հյուսիսարևելյան տարածքները կտրել իրարից, վերահսկողություն սահմանել ճանապարհների նկատմամբ»,– գրել է Թաթոյանը:
Նրա խոսքով` ՀԽՍՀ գյուղերի բնակիչների իրավունքների համար այս լուծումը լրջագույն խնդիրներ էր ստեղծելու ոչ միայն սոցիալ-տնտեսական, այլ նաև անվտանգության տեսանկյունից:
Արդյունքում՝ Անդրկովկասի կենտրոնական գործադիր կոմիտեի հողային հանձնաժողովի 1924 թ. հոկտեմբերի 31-ի որոշմամբ ՀԽՍՀ-ին պատկանող «Աջի» տեղամասի հյուսիսարևելյան մասը` 612 դեսյատին տարածքով, հանձնվել է Ադրբեջանի ԽՍՀ-ին, իսկ հարավարևմտյան մասը` 390 դեսյատին տարածքով, ՀԽՍՀ-ին: Այսինքն՝ Հայաստանը զրկվել է այդ տարածքի մեծ մասից:
Թաթոյանը շեշտել է` չպետք է մոռանալ, որ ադրբեջանական քաղաքականությունը տարիների ընթացքում այդպես էլ չի փոխվել: Հայաստանյան այդ ժամանակվա կառավարություններն անուշադրության են մատնել գյուղացիների իրավունքների հարցերը, մարդկանց անվտանգությունը՝ սահմանային հարցերը դիտարկելով տարածքային-քաղաքական ու մեխանիկական մոտեցումներով: